Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցիները հավանություն տվեցին Սահմանադրության փոփոխություններին


«Ադրբեջան. սովը և հանրաքվեն», քաղաքական ծաղրանկար

«Ադրբեջան. սովը և հանրաքվեն», քաղաքական ծաղրանկար

Ադրբեջանում ամփոփել են երեկ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն, ընտրողների ավելի քան 85 տոկոսը հավանություն է տվել լրամշակումների փաթեթին:

Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 21-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովն ասել է, որ ընտրողներն ընդունել են 29 առաջարկված փոփոխությունները:

Այսպիսով, 2003 թվականին իշխանությունը հորից՝ Հեյդար Ալիևից ստացած Իլհամ Ալիևը կարող է հերթական անգամ առաջադրվել ոչ թե 2018-ին, ինչպես նախատեսված էր նախքան հանրաքվեն, այլ 2020-ին:

Վերլուծաբանները նշում են, ինչպես և ենթադրվում էր, հօգուտ փաթեթի քվեարկել է բնակչության գերիշխող մեծամասնությունը: Ուստի, եթե ինչ-որ արտառոց բան չպատահի, 54-ամյա Ալիևը կարող է 7 տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, ինչքան թույլ կտա նրա առողջությունը, քանի որ դեռ 2009-ին հաստատված օրենքի փոփոխությամբ, առաջադրումների քանակային սահմանափակում այլևս չկա:

Երեկվա հանրաքվեով չեղարկվել է նաև թե՛ նախագահության և թե՛ պատգամավորության թեկնածու առաջադրվելու տարիքային նվազագույն շեմը:

Սա Իլհամ Ալիևին թույլ է տալիս իր գերդաստանից որևէ մեկին նախապատրաստել նախագահության, ընդ որում, ըստ վերլուծաբանների, այդ դերը գործող նախագահը տեսանելի ապագայում կարող է վստահել իր երիտասարդ որդուն՝ 19-ամյա Հեյդար-կրտսերին, որին անվանել են ի պատիվ պապի՝ Խորհրդային Ադրբեջանի և անկախ Ադրբեջանի բազմամյա ղեկավար և Ադրբեջանում «ազգի հայր» համարվող Հեյդար Ալիևի:

Լրամշակումների համաձայն, Ալիևը կստանա Միլի մեջլիսը լուծարելու և նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք: Բացի այդ, սահմանվում են առաջին փոխնախագահի և երկու փոխնախագահների պաշտոններ, ընդ որում, այդ նշանակումներն էլ վերապահվում են նախագահին:

Որոշ փորձագետների կարծիքով, առաջին փոխնախագահի պաշտոնի հավանական թեկնածուներն են առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ով «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության փոխնախագահն է, կամ էլ, ինչո՞ւ չէ՝ հենց երիտասարդ Հեյդարը:

Եթե նախագահը չկարողանա կատարել պարտավորությունները, դրանք կստանձնի առաջին փոխնախագահը:

Վենետիկի հանձնաժողովը քննադատել է թե՛ լրամշակումները և թե՛ հանրաքվեի անցկացման ընթացակարգը, սակայն պաշտոնական Բաքուն հերքում է քննադատությունը և հանձնաժողովին մեղադրում կողմնակալության մեջ: Այդ է պնդել նախագահի խորհրդական Ալի Հասանովը: Նրա հավաստմամբ, հանրաքվեն թույլ կտա Ադրբեջանում անցկացնել կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ:

2002-ին և 2009-ին Ադրբեջանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներ, որոնք ուղեկցվել են աղաղակող խախտումներով: Այդ երկու հանրաքվեների արդյունքը միանշանակ հզորացրել է Ալիևի գերդաստանի դիրքերը, մինչդեռ, երեկվա հանրաքվեից հետո, ինչպես ընդդիմությունն է պնդում, Ալիևներն Ադրբեջանում, փաստորեն, միապետություն են ստեղծում:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համոզմամբ, սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանում առանց այն էլ տկար ընդդիմության դիրքերն է՛լ ավելի կթուլանան:

Amnesty International-ը նշում է, որ այս հանրաքվեին նախորդող շրջանում ուժայիններն Ադրբեջանում բազմիցս ցրել են բողոքի ցույցերը, ահաբեկել և բանտեր են նետել ընդդիմադիր ակտիվիստներին:

«Նախագահին աննախադեպ լիազորություններ տալու առաջարկները մեծ վնաս կհասցնեն իշխանության հավասարակշռության սկզբունքին», - ասվում է Amnesty International-ի հայտարարությունում:

Իրավապաշտպան հեղինակավոր կառույցը նշում է, որ փոփոխված Սահմանադրությունը ոստիկաններին ընձեռում է հանրային հավաքներն արգելելու և այլախոհներին հալածելու լրացուցիչ լիազորություններ:

ԱՊՀ դիտորդներն, ինչպես և ենթադրվում էր, գովեստով են խոսել հանրաքվեի անցկացման մասին:

XS
SM
MD
LG