Մատչելիության հղումներ

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվե է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում, Բաքու, 26-ը սեպտեմբերի, 2016թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում, Բաքու, 26-ը սեպտեմբերի, 2016թ․

Ընդդիմության պնդմամբ՝ Ալիևը ցանկանում է դառնալ միապետ:

Այսօր Ադրբեջանի քաղաքացիները մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի անցկացումը, ընդդիմադիրների, իրավապաշտպանների և վերլուծաբանների համոզմամբ, բացառապես հետապնդում է նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանի դիրքերն է՛լ ավելի հզորացնելու նպատակ:

Սահմանադրության փոփոխությունների փաթեթը ներկայացրել է ինքը Ալիևը: Այն ենթադրում է երկրի հիմնական օրենքի 29 հոդվածների փոփոխություն, այդ թվում՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարվա հասցնելու առաջարկ, նախագահ առաջադրվելու համար առնվազն 35 տարեկան լինելու պահանջի չեղարկում և փոխնախագահների պաշտոնների սահմանում:

Փոխնախագահներին առաջադրելու է նախագահը: Ընդ որում, եթե նախագահն ինչ-ինչ պատճառներով չկարողանա կատարել պարտավորությունները, դրանք կստանձնի ոչ թե վարչապետը, ինչպես ամրագրված է գործող մայր օրենքում, այլ՝ առաջին փոխնախագահը:

Բացի այդ, փոփոխությունների փաթեթում առաջարկվում է նախագահին տալ օրենսդիր մարմինը՝ Միլի մեջլիսը ցրելու և նախագահի արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք:

Քաղաքացիները ներկայիս 25-ի փոխարեն կստանան 18 տարեկանում Միլի մեջլիս ընտրվելու իրավունք:

Ընդդիմությունը պնդում է, որ ստանալով այդ նոր լծակները՝ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը գործնականում կստեղծեն միապետություն, որտեղ խորհրդարանին կվերապահվի օրենքներ կնքելու սոսկ արարողակարգային պարտականություն:

Խորհրդարանում իսպառ կանհետանա ընդդիմադիր կարծիքներ հայտնելու հնարավորությունը: Նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, դուստրերը՝ Արզուն և Լեյլան, հարկ եղած դեպքում կարող են դառնալ փոխնախագահներ:

Սակայն, ինչպես վերլուծաբաններն են նշում, այդ փոփոխությունների բուն նպատակը կարող է լինել Իլհամ Ալիևի երիտասարդ որդուն՝ 1997 թվականին ծնված և պապի անունը կրող Հեյդարին տարիներ անց երկրի ղեկավար կարգելը:

Ադրբեջանի ընդդիմությունն անցած շաբաթների ընթացքում անցկացրել է բողոքի ցույցեր, ոստիկանները բերման են ենթարկել մեծ թվով ակտիվիստների:

Փորձագետների համոզմամբ, հպատակները հավանություն կտան Ալիևի նախաձեռնությանը, և Սահմանադրության փոփոխությունները կընդունվեն:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և հեղինակավոր մի շարք այլ կառույցներ դատապարտել են այս հանրաքվեի անցկացումը, սակայն պաշտոնական Բաքուն հավաստիացնում է, որ ամեն ինչ տեղի է ունենում օրենքներին համապատասխան, իսկ փոփոխություններն առաջարկվել են միայն երկրում բարեփոխումների գործընթացն արագացնելու համար:

XS
SM
MD
LG