Մատչելիության հղումներ

Սարի թաղի դեպքերի ժամանակ «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձին մեղադրանք է առաջադրվել


Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ․

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝ Դ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հիշյալ դեպքերի ընթացքում «ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», այնուհետև «լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի»:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG