Մատչելիության հղումներ

Ընդդիմության բազմահազարանոց հանրահավաք Բաքվում


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 11-ը սեպտեմբերի, 2016թ․
Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 11-ը սեպտեմբերի, 2016թ․

Ադրբեջանի ընդդիմությունը երեկ առաջին բազմահազարանոց հանրահավաքն անցկացրեց Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին փաստեց՝ ընդդիմադիր մի խումբ կուսակացություններ ու հասարակական կազմակերպություններ մի կողմ են դրել տարաձայնություններն ու միավորվել հանուն ժողովրդավար ու ազատ Ադրբեջանի:

«Մենք ոչ ենք ասում կոռուպցիային, ժողովրդի թալանին, անարդար դատարաններին, ապաշնորհ կառավարմանն ու միապետությանը: Ալիևի ընտանիքն արդեն երրորդ անգամ է փոխում Սահմանադրությունը՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Առաջին հանրաքվեով երաշխավորվեց իշխանության անցումը հորից որդուն, երկրորդով հաստատվեց նրա անսահմանափակ իշխանավարման իրավունքը», - հայտարարեց Քերիմլին:

Սահմանադրության այս փոփոխություններով էլ առաջարկվում է երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 5 տարուց հասցնելով 7-ի, բացի այդ, հնարավորություն է տրվում երկրի ղեկավարին միանձնյա լուծարել խորհրդարանը: Ամենաուշագրավը, սակայն, ըստ ընդդիմադիրների, առաջարկն է նախագահի տարիքային շեմի վերաբերյալ․ եթե մինչ օրս երկրի ղեկավար դառնալու համար թեկնածուն պետք է լիներ առնվազն 35 տարեկան, ապա այժմ առաջարկվում է այդ սահմանափակումը հանել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25 տարեկանից իջեցնել 18-ի: «Այս ամենն արվում է Ալիևների որդու՝ կրստեր Հեյդարի համար», - պնդում են ընդդիմախոսները:

«Կոչ ենք անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն, քանի որ այն ծառայում է միայն մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի շահերին», - հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդը, մինչ ցուցարարները, դիմելով Ալիևին, վանկարկում էին՝ «հեռացի՛ր»:

Հանրահավաքի ավարտին ընդդիմադիրները համատեղ բանաձև ընդունեցին՝պահանջելով իշխանություններից չեղարկել հակաժողովրդավարական հանրաքվեն, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երաշխավորել դատարանների ու խորհրդարանի անկախությունն ու բարձրացնել աշխատավարձերը՝ մանաթի արժեզրկմանը համապատասխան:

«Մի կողմից մենք ունենք ժողովուրդ, որ տառապում է աղքատության մեջ, որ կարիքից դրդված՝ բժշկի անգամ չի դիմում, նորմալ կրթություն չի ստանում, չի կարողանում վարկերի տոկոսները մարել, մյուս կողմից՝ իշխանավորներ, որ ունեն փառահեղ վիլլաներ, այգիներ են կառուցում եվրոպաներում: Մենք դեմ ենք այս անհավասարությանը և ոչ ենք ասում թալանին», - հայտարարում էր Ալի Քերիմլին:

Սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրաքվեին ընդառաջ սա Ադրբեջանի իշխանությունների արտոնած առաջին հանրահավաքն էր՝ միջազգային հանրության տևական քննադատություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG