Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը երկու ամսով երկարացրեց Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետը


Կարո Եղնուկյանը դատարանում, 16-ը սեպտեմբերի, 2016թ․

Կարո Եղնուկյանը դատարանում, 16-ը սեպտեմբերի, 2016թ․

Այսօր դատարանը բավարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու քննիչի միջնորդությունը:

Թեև դատարանի պաշտոնական հիմնավորմանը Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դեռ ծանոթ չէր, սակայն պնդեց, որ ընդդիմադիր ակտիվիստին կալանքի տակ պահելու «ընդհանրապես հիմք չկար»:

«Որպես կանոն, եթե դատարանները պետք է երկարացնեն [կալանքը], էդպիսի մանրակրկիտ քննություն չեն իրականացնում ու քննիչներին անհարմար վիճակի մեջ չեն դնում, որպեսզի քննիչները էդպիսի անհեթեթ պատասխաններ տան: Դրանով ավելի թուլանում է դատական ակտի հիմնավորվածությունը: Էս պարագայում հակառակն եղավ՝ քննիչը տվեց մեր համար լավ պատասխաններ, որ որևէ հիմք չկա կալանքի, բայց դատարանը վերջում կալանքի ժամկետը երկարացրեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հայրապետյանը նշեց, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են․ - «Ինձ թվում է՝ միայն այսօրվա դատական նիստը բավարար է Եվրոպական դատարանում դատական ակտ ստանալու համար»:

Կարող Եղնուկյանի ընտանիքի անդամները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ «այս իրավիճակը լրիվ սպասելի էր»:

«Լռեցնելու խնդիր են լուծում, ուրիշ ոչինչ», - հայտարարեց Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:

Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա Ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ, Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը: Իրավապահները վկայակոչում են նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները՝ պնդելով, որ նա կեղծ տեղեկություններ է տարածել, թե իբր գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում, միջոցներ է ձեռնարկել, որ ցուցարարները Ազատության հրապարակից գնան Խորենացի փողոց:

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այս օրերին արժեր հաշվի առնել, որ անհիմն ու անհեթեթ մեղադրանքով ազատությունից, ընտանիքից զրկվում է մի մարդ, ով շատ մեծ ներդրում ունի անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագրի իրականացման հարցում: Մոտավորապես 30 տարի ինքը էս գործի մեջ է և առաջին գծում, և գոնե էդ նրբերանգը մարդիկ պետք է հաշվի առնեին: Մարդ, ով պայքարել է, որ Հայաստանը ազատ լինի, էսօր էդ ազատ Հայաստանում իշխանավոր դարձածների կամայականության պատճառով զրկվում է ազատությունից»:

XS
SM
MD
LG