Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը


«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արդեն սկսել է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Հանձնաժողովն այսօրվանից սկսել է ներքին քննարկումները, որոնք ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությունը իրագործելու համար համապատասխան մեխանիզմներ մշակելու ուղղությամբ», - ասաց Սողոմոնյանը։

Սակագնային քաղաքականության վերանայման հարցերը քննարկվում են նաև էներգետիկայի և սոցապ նախարարություններում, թե երբ դրանք կավարտվեն, կամ երբ հայտնի կդառնան արդյունքները, դեռ պարզ չէ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանն ասաց՝ ժամկետներ դեռ չեն նշի:

«Երեկ կառավարության նիստից անմիջապես հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանձնարարականներ է տվել համապատասխան վարչություններին, իսկ այսօր համատեղ քննարկումներ են եղել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, այսինքն, այս պահի դրությամբ, վարչապետի հանձնարարականի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են», - ասաց Դանիելյանը։

Նորանշանակ վարչապետ կարեն կարապետյանը, ով մոտ տասը տարի ղեկավարել է «ՀայՌուսգազարդ»-ը, երեկ առաջին հանձնարարականը տվեց՝ վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, այն մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների:

Այսօր իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչքան կարող է նվազել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը:

«Ինձ թվում է, որ այժմ ենթադրություններ անել՝ այսքան տոկոսով, այնքան տոկոսով... որովհետև դրանք լուրջ տնտեսագիտական հաշվարկներ են, որը պետք է կատարվի և դա միակողմանի չի, որ միայն հայկական կողմի ցանկությամբ դա պետք է արվի, ինձ թվում է, որ դա պետք է լինի համաձայնության դաշտում։ Կարևորը նա է, որ այդ քայլը կատարված է, և նորանշանակ վարչապետն արդեն հնչեցրել է հանձնարարական», - ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե ռուսական կողմը և՞ս պետք է դրանում մասնակցություն ունենա, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Մոտեցումները նայած թե ինչ ձևով են։ Դա եթե գլոբալ մոտեցում է... եթե սահմանի հետ կապված խնդիր է, սահմանի վրա, ինձ թվում է, որ ռուսական կողմը մասնակցություն կունենա։ Ինձ թվում է, որ դա մեր ներքին՝ սահմանից հետո գազի մատակարարման խնդիրն է, իմ կարծիքով»։

Ճշտող հարցին, եթե հնարավոր էր սակագինն իջեցնել, ինչո՞ւ մինչև հիմա չէր արվում, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. - «Մենք դեռ հնարավորության մասին չենք խոսել, մենք խոսել ենք հանձնարարական մասին, հետո պարզ կլինի՝ հնարավոր էր, թե՝ ոչ և ինչու ոչ շուտ, այլ՝ հիմա։ Դրա պատասխանները կտանք մի փոքր ուշ»։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը վստահ է՝ գազի գինը Հայաստանում ուռճացված է և կարևոր է հիշել, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում շատ թանկ են վճարում էներգիայի համար:

Ըստ Գևորգյանի, երբ Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարն էր՝ գազաֆիկացման ծրագիր իրականացվեց, որի հսկայական ծախսերը մտցվեցին սակագնի մեջ:

«Մի օրինակ էլ կա, երբ որ «ՀայՌուսգազարդ»-ը 40 միլիոն դոլարով գնեց Իրան-Հայաստան գազամուղի Հայաստանով անցնող հատվածը, ինչո՞ւ գնեց, մինչև հիմա ոչ մեկը չի կարողանում բացատրել, բայց այդ 40 միլիոն դոլարը նույնպես դրվեց գազի սակագնի մեջ։ Այսինքն, եթե ժամանակին իրականացվեր ավելի ճիշտ մենեջմենթ, ավելի արդյունավետ օգտագործվեին ռեսուրսները, ապա այսօր գազի սակագինը կլիներ շատ ավելի ցածր, դրա հետևանքով կլիներ ցածր նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որովհետև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը ստացվում է գազից, և այդ դեպքում նման խնդիր չէր ծագի։ Ուղղակի այստեղ խնդիր կա՝ ես այդ հարցին չեմ կարողանում պատասխանել, թե սա ի՞նչ է՝ Կարեն Կարապետյանի կողմից պարզ պոպուլիզմ, թե՞ նա փոխել է իր սկզբունքները, հայացքները տնտեսական՝ նախկինում նա ձգտում էր որպեսզի սակագինը բարձր լինի, հիմա ձգտում է, որ սակագինը ցածր լինի», - ասաց Գևորգյանը։

Վահրամ Բաղդասարյանը, սակայն, վստահ է Կարեն Կարապետյանը պոպուլիստ չէ:

«Ինքը գործի մարդ է և ես համոզված եմ, որ ինքը գիտակցում է, որ իր բոլոր բարձրացրած խնդիրների, խոսքերի պատասխանը մեկ տարի հետո ինքը պետք է տա։ Ես համոզված եմ, որ ինքը գիտակցում է և ինքը պոպուլիզմով չի զբաղվի», - ասաց Բաղդասարյանը։

Ըստ էներգետիկայի մասին օրենքի, սակագները պետք է գործեն առնվազն 6 ամիս, եթե չեն խախտվել լիցենզիայի պայմանները:

Հայաստանում գազի գործող սակագինն ուժի մեջ է այս տարվա հուլիսի 1-ից, իսկ էլեկտրաէներգիայինը՝ օգոստոսի 1-ից, այսինքն՝ հնարավոր փոփոխությունը կարող է կատարվել 2017 թվականի հունվար-փետրվարից ոչ շուտ:

XS
SM
MD
LG