Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը՝ Հայաստանի գլխավոր դատախազ


Արթուր Դավթյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Արթուր Դավթյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Աժ-ն այսօր փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակեց Արթուր Դավթյանին: Դեմ արտահայտվեցին քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորներից ընդամենը 3-ը, 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ցուցաբերված բարձր վստահության համար: Գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները, դրանց արդյունավետ լուծման բարձր պատասխանատվությունը, և վստահեցնում եմ, որ գիշեր ու զօր աշխատանքով ամեն ինչ անելու ենք՝ դատախազական ամբողջ համակարգի մասնակցությամբ, մեր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու, սպասումները արդարացնելու համար»:

Նիստից հետո արդեն գլխավոր դատախազի պաշտոնում տված առաջին հարցազրույցում Արթուր Դավթյանը կրկին պնդեց՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չեն եղել և հիմա էլ չկան․ - «Եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով, և ոչ թե բացառապես պայմանավորված քաղաքական գործունեությամբ, դա արդեն իսկ նշանակում է, որ քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող: Իմ խնդիրն է լինելու ձեր կողմից նշած այդ շատերին հնարավորինս մասնագիտական հարթության մեջ հիմնավորել, որ մեր որոշումները օրենքից են բխում»:

Դավթյանի թեկնածությանը դեմ քվեարկածներից մեկը Զարուհի Փոստանջյանն էր: «Ժառանգության» պատգամավորը թերթիկը քվեատուփը գցելուց առաջ ներկաներին ցուցադրեց իր ընտրությունը․ - «Նա համոզեց, որ ինքը ոչ թե իրապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պետք է լինի, այլ պետք է սպասարկի նեղ մարդկանց խմբակի շահերը»:

Ընդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հրաժարվեց բացահայտել իր ընտրությունը, սակայն չթաքցրեց, որ Արթուր Դավթյանին պրոֆեսիոնալ է համարում․ - «Համակարգում բավականին աճած կադրի հետ գործ ունեինք, և ինքը, կարծես թե, լիարժեք տեղյակ է այդ համակարգից»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության եկավ թիկնապահների ուղեկցությամբ: Ընտրությունից հետո հրաժարվեց պատասխանել դատախազությանն առնչվող հարցերին:

Նրա փոխարեն փոխարեն խոսեց տեղակալը: Էդուարդ Շարմազանովը պնդեց, թե երկօրյա լսումների ընթացքում Արթուր Դավթյանը շատերին կարողացավ ապացուցել, որ իր գործի գիտակն է․ - «Մեր պառլամենտարիզմի պատմությունը մի բան է ցույց տվել, որ նրանք, ովքեր որ հրաժարվում են և գնում են քաղաքական բոյկոտի ճանապարհով, ի վերջո կորցնում են իրենք, այլ ոչ թե ընտրվողները և ընտրություններին մասնակցողները»:

Գաղտնի քվեարկությանն այսօր չմասնակցեցին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու Հայ ազգային կոնգրես խմբակցությունների ղեկավար անդամները: Նախորդ օրերի լսումներին ընդդիմադիր այս ուժերն արդեն իսկ հայտարարել էին, որ չեն հավատում դատախազության անաչառությանն ու Արթուր Դավթյանի խոստացած սկզբունքայնությանը:

«Եթե ֆրակցիան, եթե պատգամավորները մասնագետների ուսումնասիրության նյութեր են տալիս դատախազությանը՝ պայքարելու կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ, և դուք ոչինչ չեք անում, ես վստա՞հ լինեմ էդ համակարգի վրա», - իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը (ՀԱԿ):

«Դուք կարողանալո՞ւ եք պահպանել այդ սկզբունքայնությունը, երբ որ լինի քաղաքական որոշումը պարտադիր ա իշխող թիմի համար: Իհարկե ոչ», - ասաց Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում փոխարինում է Գևորգ Կոստանյանին, ով օգոստոսի 4-ին առողջական խնդիրների պատճառաբանությամբ հրաժարական տվեց: Նախորդի նման նոր գլխավոր դատախազն այսօր խոստացավ, որ դատախազական համակարգում բարեփոխումներից բացի, իր առաջնահերթություններից է լինելու 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտումը:

XS
SM
MD
LG