Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյան. «Մարտի 1-ի գործի ուսումնասիրությունն իմ առաջնահերթություններից մեկն է լինելու»


Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը պատասխանում է պատգամավորների հարցերին, 13-ը սեպտեմբերի, 2016թ.

Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը պատասխանում է պատգամավորների հարցերին, 13-ը սեպտեմբերի, 2016թ.

Ազգային ժողովի այսօր մեկնարկած աշնանային նստաշրջանի առանցքային թեման գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ներկայացրած ծրագիրն ու նրան ուղղված հարցերն էին:

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման համար:

«Ձեր նախորդը խոստումներ տվեց` լուրջ խոստումներ, բոլորի ներկայությամբ, տղամարդու խոստում, ինչպես ինքն էր ասում, խոստացավ, որ սայլը տեղից կշարժվի, գործը տեղից կշարժվի և շատ արագ կշարժվի: Գնաց ինքն էլ իր խոստումների հետ, ոչինչ չանելով, հիմա եկել է Ձեր հերթը», - ասաց Մանուկյանը:

«Նախ իմ մոտեցումը, ընդհանուր առմամբ, էն համընդհանուր ճշմարտությունն է, որ որպես կանոն՝ չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն: Գլխավոր դատախազ ընտրվելուց հետո իմ համար այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը և դրա բացահայտման, հանրությանը հետաքրքրող տեղեկատվության տրամադրման առումով իմ առաջնահերթություններից մեկն է սա լինելու», - արձագանքեց Դավթյանը:

Պատասխանն Արամ Մանուկյանին չբավարարեց, ընդդիմադիր պատգամավորը հստակ ժամանակահատված առաջարկեց: «Պատրա՞ստ եք հինգ ամսվա ընթացքում գրավոր, մեր խմբակցությանը կամ խորհրդարանին ներկայացնել «Մարտի 1»-ի գործով ընթացքը և Ձեր մոտեցումները», - հարցրեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղարը:

«Առկա տվյալները, որքանով որ քննության շահը թույլ կտա, ես ձեզ խոստանում եմ էս պահին, որ էդքանով դուք կտեղեկացվեք», - եղավ պատասխանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ գլխավոր դատախազի թեկնածուին կոչ արեց խստացնել ընտրակեղծարարության պատիժը: Լևոն Զուրաբյանը հիշեցրեց սահմանադրական հանրաքվեն, երբ ամբաստանյալի աթոռին հայտնված բոլոր ընտրակեղծարարները ընդամենը դրամական տույժի ենթարկվեցին:

«Անընդունելի է, որ բոլոր այդ մարդիկ պրծել են ուղղակի 500 հազար տուգանքով և բոլորը ազատվել են: Ասում եմ՝ պետականորեն տեղի է ունեցել ընտրակեղծարարների հովանավորում, պարտակում, գործի կոծկում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հարցնելով. - «Սրա համար ո՞վ պետք է պատասխան տա»:

«Ձեր կողմից հրապարակված պաշտոնական թվերը եթե համադրեք նախորդ համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված թվերի հետ, կարծում եմ, տեսանելի կլինի այս առումով ևս աշխատանքների ավելի ակտիվացումը, ավելի արդյունավետ աշխատանքը: Հենց դատի տրված անձանց քանակը միայն խոսում է այն մասին, որ այս առումով իրականացվել է քրեական հետապնդման մարմինների կողմից արդյունավետ աշխատանք», - հայտարարեց Արթուր Դավթյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն էլ հետաքրքրում էր Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների ճակատագիրը: Միքայել Մելքումյանը նշեց՝ այդ որոշումներով կառավարությունն արդեն իսկ պետական բյուջեից միլիոնավոր դրամներ է հատկացրել. - «Խոսքը գնում է հարյուր հազարավոր եվրոների մասին: Կխնդրեի հստակ գնահատական տալ՝ դա ինչի՞ հետևանք է»:

Գլխավոր դատախազի թեկնածուն արձագանքեց. - «Ցանկացած մասնագիտական գրականության մեջ կգտնեք մի պարզ ճշմարտություն, որ դատական սխալները անխուսափելի են»:

Գործընկերոջ թեման շարունակեց Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են անպատիժ մնում այն դատավորներն ու իրավապահները, որոնց անբարեխիղճ աշխատանքի հետևանքով գործը հասել է ՄԻԵԴ. - «Որևէ մեկը դրա համար պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՞ չէ, կամ դրեք այդ գումարը սխալ վճիռ կայացնողի վրա»:

«Ես հակված չեմ այն տեսակետին, որ նմանատիպ ցանկացած իրավիճակում դատարանի պատասխանատվության, կոնկրետ դատավորի պատասխանատվության խնդիր պետք է բարձրացվի», - հայտարարեց Դավթյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազի թեկնածուից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայության քննիչների գլխավերևում կախված է նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը, և արդյոք պաշտոնը ստանձնելուց հետո Դավթյանը նո՞ւյնպես հետևելու է այդ օրինակին: «Եվ ի դեպ, ես չեմ եղել Գևորգ Կոստանյանի աշխատած շրջանում նրա աշխատասենյակում, հիմա կախվա՞ծ է էդ նկարը», - հարցրեց Փաշինյանը:

Պատասխանը դրական էր. - «Պարոն Փաշինյան, այո, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է հանրապետության նախագահի նկարը, և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը, կարծում եմ, Ձեզ Ձեր էդ հարցի համապատասխան պատասխանը կտա»:

Գլխավոր դատախազի նշանակման հարցով քվեարկությունն Ազգային ժողովն ամենայն հավանականությամբ կիրականացնի վաղը:

Նախկին գլխավոր դատախազը, հիշեցնենք, հրաժարական տվեց օգոստոսի 4-ին՝ պատճառաբանելով առողջական խնդիրները: Պատգամավորներն այսօր հիշեցին Գևորգ Կոստանյանին՝ նոր թեկնածուից հետաքրքրվելով, թե արդյոք նույն սցենարը նա չի կրկնի:

«Ես առողջ եմ և աշխատելու եմ, որ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները, որոնք պատրաստվում եմ ստանձնել, իրականացնեմ», - արձագանքեց գլխավոր դատախազի թեկնածուն:

Մոտ 4 ժամ տևած հարցուպատասխանից բացի, Արթուր Դավթյանը հասցրեց խորհրդարանին ներկայացրեց նաև իր հետագա ծրագրերը: Որպես բարեփոխումների առաջնային ուղղություններ՝ նա շեշտեց կոռուպցիայի դեմ պայքարը, գլխավոր դատախազության գործունեության թափանցիկությունն ու համակարգի համալրումը երիտասարդ նոր կադրերով:

XS
SM
MD
LG