Մատչելիության հղումներ

Ցուցակների հրապարակման վերաբերյալ իմ կարծիքը չի փոխվել. Մուկուչյան


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ

Խորհրդարանական հինգ խմբակցությունների միջև երեկ ստորագրված համաձայնությունից հետո, ըստ որի, 2017 թվականի ընտրություններին արդեն կհրապարակվեն քաղաքացիների ստորագրված ցուցակները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում է, որ իր կարծիքը հարցի վերաբերյալ չի փոխել և այն բացասական է։

«Իմ կարծիքը, որպես անձ, դրանից բնականաբար չի փոխվում, բայց ինչ վերաբերում է օրենքի իրավակարգավորումներին, եթե օրենքում ամրագրվում է նման դրույթ, ապա ընտրական հանձնաժողովները պարտավոր են, այդ դրույթներին համապատասխան, կառուցել իրենց աշխատանքը», - ասաց Մուկուչյանը։

Երեկ քաղաքական համաձայնագիրը ստորագրած իշխանության ներկայացուցիչները չեն հրաժարվում նախկին պնդումներից, որ ընտրած անձանց ցուցակների հրապարակումը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները։

«13 տարի ես նշել եմ, միգուցե ավելի շատ անգամ, որ սա խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Սա իսկապես խախտում է՝ ստորագրած ցուցակների հրապարակումը խախտում է, խախտումը չի վերացել: Այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր է, քան այդ խախտումը, և գնացինք այդ քայլին», - հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ևս չի փոխել իր տեսակետը՝ նախկինում իշխանությունները հրաժարվել են ստորագրված ցուցակների հրապարակումից ոչ Վենետիկի հանձնաժողովի պատճառով։

«Որ ամբողջ մեր հասարակությունը, ժողովուրդը այդ նպատակը իր առջև ունեցել է՝ հասկանալով, որ այդ մատյաններում է թաղված իշխանության վերարտադրման գաղտնիքը, և դա պետք է բացահայտել, և իշխանությունները հենց դրա համար են դիմադրել դրան: Քանի տարի շարունակ նրանք, ծածկվելով Վենետիկի հանձնաժողովի այդ փաստաթղթով, Սահմանադրական դատարանի որոշումներով, ամենակատաղի կերպով դիմադրել են ցուցակների հրապարակմանը՝ հենց այդ պատճառով, որ իրենք էլ հասկացել են, որ դա էապես կրճատում է ընտրակեղծարարության պաշարը», - պնդեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Տիգրան Մուկուչյանը հրաժարվում է քաղհասարակության կազմակերպությունների և ընդդիմադիրների ձևակերպումներից, թե երեկ ստորագրված համաձայնությամբ ներդրված ընտրությունների վերահսկման գործիքները հեղափոխական նշանակություն կունենան։

Ըստ Մուկուչյանի, նախկինում եղած գործիքներն արդեն բավարար էին ընտրությունները վերահսկելու համար, իսկ նոր ներդրվածները՝ լրացուցիչ գործիք են։

«Բացի այդ գործիքը, մենք ունենք նաև բազմաթիվ այլ գործիքներ, որոնք ևս հենց նման հնարավորություն ընձեռելու համար էին ամրագրված։ Ես չէի ցանկանա որևէ գործիք առանձնացնել և փորձել ծանրանալ այդ գործիքի վրա, որովհետև բոլոր գործիքները համակցության մեջ, կոչված են մեկ նպատակ ապահովելու՝ ապահովելու, որպեսզի հանրությունը կարողանա լիարժեք վերահսկել ընտրական գործընթացը և, բնականաբար, այդ գործիքակազմի գերնպատակը, իմ կարծիքով, պետք լինի հենց հանրային վստահությունը ընտրական համակարգին, ընտրական գործընթացին», - ասաց Մուկուչյանը։

Ընտրական գործընթացներին հետևող հասարակական կազմակերպությունները հայտարարելով, որ հավանություն են տալիս ձեռք բերված համաձայնագրին, այնուամենայնիվ շեշտում են՝ նոր Ընտրական օրենսգրքում լուրջ խնդիր է մնում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակումը ընտրատեղամասերում և հանձնաժողովի նախագահներին տրված հնարավորությունը՝ դիտորդին տեղամասից դուրս հանելու։

«Կան սահմանափակումներ լրագրողների համար, դիտորդների համար, որը շատ վտանգավոր կետեր է պարունակում և հույս ունենք, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը այդ հարցերին նույնպես կանդրադառնա։ Հանրաքվեի ժամանակ լրագրողները չափազանց մեծ դերակատարություն ունեցան և գուցե դա անհանգստացրել է իշխանությանը», - ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի բացասական վերաբերմունքին ստորագրված ցուցակների հրապարակման վերաբերյալ, Ստեփան Դանիելյանը նկատում է, որ այսօր Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց հավանությունը հայտնեցին իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությանը։

«Արտաքին գործերի կոմիսարի, Եվրամիության խոսնակի հայտարարությունն այսօր արդեն կայքերում տեղադրված է, որտեղ նա ողջունում է այդ համաձայնագիրը և նույնպես իր համար այնքան էլ էական չի, որ կա հակասություն Վենետիկի հանձնաժողովի որոշումների հետ», - ասաց Դանիելյանը։

XS
SM
MD
LG