Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրվեց


Երեքշաբթի օրը Ազգային ժողովի 6 խմբակցություններից 5-ը վերջնական ստորագրեցին Ընտրական օրենսգրքում առաջիկա փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն։ Այն սահմանում է ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմներ. այս փոփոխությունների կյանքի կոչումից հետո կհրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակները, ինչը տարիներ շարունակ եղել է ընդդիմության առաջնային պահանջներից մեկը, կտեսանկարահանվեն քվեարկության գործընթացն ու արդյունքների ամփոփումը։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայնությունն անվանեց «պատմական»: «Սա դեռ երաշխիք չի մաքուր, ազատ, արդար ընտրությունների, սա ընդամենը մի լուրջ հիմնաքար է, մի լուրջ ֆունդամենտ է ստեղծված, որի վրա պայքարելով, որովհետև ոչ ոք հենց էնպես չի տա ազատ, մաքուր, արդար ընտրություններ, պայքարելով կարելի է հասնել», - հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով. - «Էդ էտապի պայքարը բերել է հաջողության»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «դեժա վյու» հիշեցնող այս գործընթացում իրեն ոգևորում է ընդդիմադիր գործընկերների լավատեսությունը: «Պիտի անկեղծորեն ընդունենք, որ էապես նեղացնելու է ընտրակեղծարարության ․․․ , իսկ մենք գիտենք, որ ընտրակեղծարարությունը մեզանում հասցված է գրեթե ոսկերչական մակարդակի», - ասաց նա:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ հատկապես կարևորում են ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը, բայց որոշ մտահոգություններ մնում են չլուծված. - «Պետք է տրվեն, մասնավորապես, մամուլի միջոցների լուսաբանման հնարավորություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելության համար ըստ էության գոյություն ունեցող քանակական սահմանափակումներ աշխատակիցների, որը, մենք կարծում ենք, նպատակահարմար չէր: Այդ մասին մենք կխոսենք նաև, բնականաբար, երբ որ նախագիծը քննարկվի»:

Ձեռք բերված համաձայնությունը պատմական է առաջին հերթին քաղաքական երկխոսության տեսանկյունից, ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Ինձ համար ոչ այնքան կարևոր են այն տեխնիկական լուծումները, որ մենք գտել ենք հանրային վստահությունը բարձրացնելու համար, այլ այն մշակույթը, որը ձևավորվում է՝ երկխոսելը: Քաղաքական երկխոսությունն է երկրի զարգացման հիմքը: Մեր պատմական քաղաքական մշակույթի առումով աննախադեպ երևույթ: Եվ երբ առաջին ձախողումը եղավ տեխնիկական պատճառներով, ամենալուրջ մտահոգությունն էր, որ արդյոք մենք ավելի չնահանջեցինք, որովհետև երբ ինչ-որ բան պայմանավորվում ես և չի հաջողվում, ավելի աճում է անվստահությունը», - շեշտեց Հարությունյանը:

Այսօր վավերացված փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը չդրեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բայց օրվա ընթացքում ավելի վաղ հայտարարեցին՝ առաջարկվող փոփոխություններին համաձայն են, պարզապես իրենց գործառույթը համարում են փորձագիտական կարծիք հայտնելը, ոչ թե քաղաքական փաստաթղթեր ստորագրելը:

Ընտրական գործընթացները դիտարկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դրական են գնահատում քաղաքական ուժերի ձեռք բերած համաձայնությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ, միևնույն ժամանակ շեշտելով, որ փաստաթղթում ամրագրված փոփոխությունները անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են՝ երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար:

«Հաշվի առնելով, իհարկե, այն, որ ամբողջ Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր և պրոբլեմներ ունի, բայց աներկբա է, որ պետք է գնահատվի որպես դրական քայլ», - ասաց «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

«Այն, ինչ մենք այսօր ունենք, բնականաբար, չի կարող չգնահատվել», - ընդգծեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգծում են, թե որոնք են համարում խնդիրները գործող Ընտրական օրենսգրքում՝ տարածքային ցուցակներ, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակում, դիտորդական առաքելությունների և զանգվածային լրատվամիջոցների իրավունքների սահմանափակում:

«Կարևորում ենք նաև այդ առիթը օգտագործել և մասնավորապես դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ներմուծված սահմանափակումները՝ մայիս ամսվա օրենսգրքով, վերացնել: Դա կլինի իսկապես դրսևորում քաղաքական կամքի, որ, այո, իշխանությունները պատրաստվում են հանրային վերահսկողության համար համապատասխան հիմքեր ստեղծել», - շեշտեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, սակայն, Ընտրական օրենսգրքում լրացուցիչ փոփոխությունների հնարավորություն չի տեսնում: «Ես այս պահին չեմ տեսնում, յուրաքանչյուր կոմպրոմիսային առաջարկություն քննարկվել է, և արդյունքում ծնվել է այս փաստաթուղթը», - հայտարարեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG