Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը հրաժարական է տվել


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Կոստանյանն իր հրաժարականի մասին հայտնել է Դատախազությունում տեղի ունեցած Կոլեգիայի նիստի ընթացքում՝ նշելով, թե նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իրեն աշխատանքից ազատելու դիմումը։ Կոստանյանն այսօրվանից վայր է դնում իր լիազորությունները։

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ առողջական խնդիրները լուծելուց հետո ակնկալում են Կոստանյանի վերադարձը պետական համակարգ:

Գևորգ Կոստանյանը հրաժարական է տալիս վերջին շաբաթներին Հայաստանում ծավալված դրամատիկ իրադարձություների ֆոնին: ՊՊԾ գնդի տարածքը երկու շաբաթ վերահսկողության տակ պահած «Սասնա ծռերի» քրեական գործը փաստորեն կքննվի արդեն այլ գլխավոր դատախազի վերահսկողությամբ:

«Իրոք առողջություն է պետք ունենալ այս ամեն ինչը կուլ տալու, մարսելու համար շարունակ կեղծելու այդ ապօրինի գործելաոճը։ Հնարավոր է, որ տար հրաժարական դրա համար, թեև չեմ բացառում, որ կարող են ներքին խնդիրներ լինել՝ անպայման կապված այս իրավիճակի հետ», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Գլխավոր դատախազն ընտրվում է 6 տարի ժամկետով՝ խորհրդարանի կողմից։ Գևորգ Կոստանյանը պաշտոնավարեց միայն ժամկետի կեսը՝ 3 տարի։ Նա գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կոստանյանի թեկնածությունը Ազգային ժողով էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանը:

Կոստանյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, եղել է Սերժ Սարգսյանի օգնականը, ղեկավարել է Կոռուպցիայի դեմ մոնիտորինգի հանձնաժողովը։ Նա հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի քանի աղմկոտ պատմություններով, մասնավորապես, բանակում գրանցված սպանություններից և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործից հետո․ նա էր իրականացնում այս գործի քննության վերահսկողությունը և հենց նա էլ, դեռ քննությունը չավարտված՝ հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Անցած տարի էլ Կոստանյանը «տղամարդկային» խոսք տվեց, թե Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հայկական կողմին կփոխանցվի։

«Թեև Գևորգ Կոստանյանը կարճ պաշտոնավարեց, նա ամեն ինչ անում էր ներգրավվելու իշխանական այդ թևում, որտեղ ապօրինությունը նորմա է և դրա վառ ապացույցը Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերն էին», - գնահատում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Մամուլում արդեն քննարկվում են Կոստանյանի հավանական փոխարինողների անունները, մասնավորապես՝ «Հրապարակի» տեղեկություններով դիտարկվում է նախագահի օգնական Հրայր Ղուկասյանի թեկնածությունը, մյուս հավանական թեկնածուն, ըստ օրաթերթի, վերջերս Կոստանյանի տեղակալ նշանակված Արթուր Դավթյանն է։

Քանի որ նոր սահմանադրության համապատասխան դրույթը դեռ ուժի մեջ չի մտել, նոր գլխավոր դատախազն ընտրվելու է հին Սահմանադրությամբ․ նրա թեկնածությունը առաջարկելու է նախագահը, ընտրելու է Ազգային ժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG