Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է վարչապետ՝ այդպիսով դառնալով Հայաստանի երրորդ Հանրապետության 14-րդ վարչապետը:

Սպասվում է, որ առաջիկայում, հնարավոր է այս հինգշաբթի՝ կառավարության նիստերի օրը, նախագահ Սարգսյանն անձամբ կներկայացնի նորանշանակ վարչապետին գործադիրի անդամներին, ինչպես որ տեղի ունեցավ նախորդ երկու վարչապետների՝ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի նշանակման դեպքում:

Թե Հովիկ Աբրահամյանի հետ ով է թողնելու կառավարությունը, ցայսօր պաշտոնապես հայտնի չէ: «Ազատությունն» առավոտյան փորձեց ստանալ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի արձագանքը՝ արտգործնախարարի պաշտոնում իր նշանակվելու տեղեկության վերաբերյալ, սակայն պաշտոնյան հրաժարվեց խոսել:

Երեկ էլ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էր հրաժարվել որևէ մեկնաբանություն տալ «Ազատությանը», թե արդյոք նախարար Սեյրան Օհանյանը թողնելո՞ւ է իր պաշտոնը՝ առաջիկայում ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Այսօր էլ Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել․ - «Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»:

Այն, որ «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահի պաշտոնը Հայաստանի վարչապետի աթոռով փոխարինած Կարեն Կարապետյանը դյուրին ժամանակ չի անցնում իր նոր պարտականությունների կատարմանը, ակնառու է պաշտոնական թվերից: Ֆինանսների նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե 2008 թվականին՝ տնտեսական ճգնաժամից առաջ, երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում էր 11.9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը 1.9 միլիարդ էր, ապա 2015-ին ՀՆԱ-ն ավելի քիչ էր՝ 10.5 միլիարդ դոլար, մինչդեռ պետական պարտքը ավելացել է գրեթե երեք անգամ և այս տարվա օգոստոսի վերջին կազմում էր 5 միլիարդ 484 միլիոն դոլար:

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց՝ իշխող ուժը պատասխանատու է իր ձևավորած բոլոր կառավարությունների թե՛ անհաջողությունների, թե՛ հաջողությունների համար:

«Հովիկ Աբրահամյանը էդ կառավարությունը իր հոր տնից չի բերել․ դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել Վազգեն Սարգսյանի կառավարությունը, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի», - հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակը:

Կրթությամբ պատմաբան Շարմազանովը հավելեց՝ «միգուցե ապագա պատմաբանները այս ժամանակաշրջանը անվանեն բարեփոխումների աշուն»․ - «Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավանություն են տվել Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում, այսօր պարոն նախագահը նշանակել է Կարեն Կարապետյանին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, և մենք բոլորս՝ անկախ՝ ընդդիմություն և իշխանություն, անկախ՝ Հանրապետական թե «Բարգավաճ», անկախ՝ լրագրող թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, պետք է քայլեր ձեռնարկենք և օժանդակենք նոր կառավարությանը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Որովհետև, կրկնում եմ, Կարեն Կարապետյանի կաբինետի հաջողությունը նշանակում է Հայաստանի հաջողություն: Ցտեսություն»:

Այս փետրվարից հանրապետականների հետ կրկին իշխանությանը մաս կազմող Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ:

«Բնականաբար, փորձելու ենք իրականացնել մեր համաձայնագրով ստորագրված փաստաթղթից բխող բոլոր դրույթները: Առաջին քայլերն արդեն սկսել ենք անել», - ասաց Վարդանյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համոզված է՝ օլիգարխիկ համակարգում Կարեն Կարապետյանի նշանակումը ոչինչ չի տա երկրին:

«Որևէ վարչապետ, ինչքան էլ լավ անձնական մոտեցումներ ունենա, ինքը չի կարող որևէ գործ անել առանց Ազգային ժողովի աջակցության: Եվ հիմա հարց ենք տալիս՝ էս ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը, իր Ազգային ժողովի մեծամասնությամբ, ինքը որոշե՞լ է հրաժարվել մենաշնորհներից, կոռուպցիայից, չգիտեմ, էդ բոլոր բաներից: Պատասխանը, ինձ թվում է, բոլորի համար ակնհայտ է: Էդ դեպքում, վարչապետի անձի փոփոխությունը ընդամենը նույն ռեժիմին ավելի գեղեցիկ տեսք տալու մի հատ իմիտացիոն գործընթացի հետ է կապված», - հայտարարեց Զուրաբյանը:

XS
SM
MD
LG