Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով անցնելու է Հայաստանի ներկայացուցչին


Այդ պաշտոնում Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հնարավոր նշանակման մասին լուրն այսօր նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը որևէ կերպ չմնեկնաբանեց:

Օհանյանի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը երեկ հրապարակել էր ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով Հայաստանի կառավարությունում իր աղբյուրին:

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ևս տեղեկությունը դեռ չի հաստատում, նշում է միայն, որ հոկտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչ է ստանձնելու․ - «Քանի դեռ չկա պաշտոնական առաջադրում, ուղղակի այդ մասին խոսել, կարծում եմ, դեռ վաղ է: Այո, հերթականության կարգով, ռոտացիոն սկզբունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին: Չեմ կարող այս պահին վստահաբար նշել կոնկրետ թեկնածության հետ կապված, բայց որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ, դրանում կարող եք վստահ լինել»:

«Ազատության» հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ Հայաստանի ներկայացուցչի կողմից կառույցի ղեկավարությունը ստանձնելուց հետո ՀԱՊԿ-ը առավել հասցեական դիրքորոշում կհայտնի Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիաների դեպքում, Նահապետյանն արձագանքեց․ - «Մենք մեր ակնկալիքներում պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ ՀԱՊԿ-ը չի կարող դուրս գալ այն կանոնադրական խնդիրներից, որոնք ամրագրված են իր հիմնադիր փաստաթղթերում: Իհարկե, մեզ համար շահեկան է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց չպետք է չափազանցնել և մտածել, որ միայն այդ փաստով բոլոր հարցերում մենք կարող ենք ակնկալել մեզ համար ամենաշահավետ լուծումները»:

Դեռևս չի հստակեցվում նաև, թե ով է լինելու Սեյրան Օհանյանին փոխարինողը ՀԱՊԿ-ում նրա նշանակման դեպքում:

«Եկեք չշտապենք: Դեռ նշանակում նման չի եղել: Երբ կլինի նշանակումը, և թափուր կմնա Պաշտպանության նախարարի պաշտոնը, այն ժամանակ նոր կանդրադառնանք այդ հարցին», - ասաց Նահապետյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ռուսական կողմից տարածվող տեղեկությունը կարելի է ընկալել որպես անակնկալ առաջարկ, որի հիմնական պատճառներից մեկը հայկական բանակում բարեփոխումներ իրականացնելու մեջ Սեյրան Օհանյանի հաջողությունների գնահատումն է․ - «Երկրորդ պատճառը, այդուհանդերձ, առավել կարևոր է․ սա փորձ է Ռուսաստանի կողմից Հայաստանին առավել մոտեցնելու և սահմանափակելու ՀԱՊԿ-ի սահմաններում: Հայաստանն այս տարածաշրջանում արդեն իսկ ՀԱՊԿ միակ անդամն է, բայց Օհանյանի նշանակումը առավել կկապի Հայաստանը ՀԱՊԿ-ին: Վերջին ամիսներին մենք տեսնում ենք ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում, և սա քայլ է Մոսկվայի կողմից առաջիկայում էլ կապել Հայաստանը Ռուսաստանին»:

Քաղաքագետը կարծում է նաև, որ սա երկու շաբաթ առաջ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի՝ Լոնդոնում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հետ արդյունավետ հանդիպումների պատասխանն է․ - «Սա նաև Ռուսաստանի պատասխանն է Հայաստան - Արևմուտք կապերի ամրապնդմանը: Ինչևէ, սա Հայաստանի համար նշանակում է հետքայլ․ նախարար Օհանյանի կորուստը կարող է վտանգել բարեփոխումները պաշտպանության ոլորտում: Սրա իրական պատասխանը կարող է լինել փոխնախարար Դավիթ Տոնոյանի նշանակումը նախարարի պաշտոնին, դրանից հետո բարեփոխումները կարող են շարունակվել»:

Փորձագետի կարծիքով, տարբերություն չկա, թե Հայաստանից ով կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում․ - «Նույնիսկ Օհանյանի դեպքում այդ կառույցը Հայաստանին անվտանգության հարցում ոչնչով չի նպաստի: ՀԱՊԿ-ից Հայաստանին անվտանգության անորոշ խոստումները հիմա ակնհայտորեն դատարկ են, այլ կերպ ասած՝ Օհանյանի նշանակումը որևէ կերպ չի ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, ընդհակառակը՝ դա կարող է լինել թուլության ամրագրում՝ կորցնելով Օհանյանին և մի փոքր բան ստանալով ի պատասխան»:

«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել է մեկ այլ՝ Արտաքին գործերի նախարարի փոփոխության մասին: Կրկին հղում անելով Հայաստանի կառավարության իր աղբյուրին՝ ռուսաստանյան լրատվամիջոցը գրում է, որ Էդվարդ Նալբանդյանին կփոխարինի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

XS
SM
MD
LG