Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ամենայն հավանականությամբ նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով Հայաստանի կառավարությունում իր աղբյուրին:

«Առաջիկայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Նա կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար», - գրում է ռուսաստանյան գործակալությունը:

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր կառավարությունում սպասվող լայնածավալ փոփոխությունների մասին: Իսկ ավելի վաղ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը կնշանակվի հոկտեմբերի 14-ին` Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստին, և որ նոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչը պետք է ռոտացիոն կարգով ստանձներ դեռևս մեկ տարի առաջ, սակայն անցած տարի ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց ևս մեկ տարով երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն, Երևանում հոկտեմբերի տասնչորսին կայանալիք կազմակերպության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարները պետք է հաստատեն Օհանյանի թեկնածությունը և հաստատելու դեպքում նա պաշտոնը կստանձնի երեք տարի ժամկետով:

XS
SM
MD
LG