Մատչելիության հղումներ

Քննարկվում է ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, արխիվ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, արխիվ

Քննարկվում է Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Այդ մասին հաղորդում է Հայաստանի հանրային խորհուրդը (ՀԽ)՝ նշելով, որ տվյալ հարցը երեկ ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգում է եղել:

«Հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին», - ասված է հաղորդագրությունում:

Անկախության 25-ամյակի հետ կապված, նիստում առաջարկ է հնչել նաև կոչով դիմել Հայաստանի Հանրապետության երեք նախագահներին այդ օրը՝ առաջիկա սեպտեմբերի 21-ին, միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության և միասնության:

Խորհուրդն անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, քննարկել երկրի մի շարք, այդ թվում՝ տնտեսության, ռազմարդյունաբերության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրները:

Հիշեցնենք, հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման փաստով քրեական գործով ներկայումս 50 մարդ կալանավորված է, կան նաև ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաների կապակցությամբ անազատության մեջ գտնվողներ:

XS
SM
MD
LG