Մատչելիության հղումներ

logo-print

ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրգործին այլ գործեր են միացվել


ՊՊԾ գրավված շենքը, Երևան, 30-ը հուլիսի, 2016թ․

ՊՊԾ գրավված շենքը, Երևան, 30-ը հուլիսի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ն այսօր տարածած հաղորդագրությունում նշում է, որ քրեական գործին միացվել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի դասակի հրամանատար Վ.Գ-ի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու և ռազմամթերքի հափշտակության դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 238-րդ (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) և 365-րդ (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով Երևանի Սարի թաղ թաղամասում ծառայություն իրականացնող Ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու, Ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերը:

Քրեական գործով, ինչպես նախկինում հաղորդվել է, որպես մեղադրյալ ներգրավված են 60 անձինք: 50 անձինք կալանավորված են, երկուսը հետախուզման մեջ են, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Նախաքննության ներկա փուլում պարզվել է, որ հանցագործություններից տուժել են 46 անձինք: Տուժել է ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև երկու իրավաբանական անձինք՝ «Համակցված կերերի գործարան», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ընկերությունները, մնացածը ֆիզիկական անձինք են: Հանցագործություններից տուժած ֆիզիկական անձանցից 26-ը ոստիկանության աշխատակիցներ են, 17-ը՝ քաղաքացիական անձինք:

Տուժած ոստիկաններից երեքը ապօրինաբար կյանքից զրկված ծառայողներն են՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը, 10-ը՝ տարբեր ժամանակահատվածներում պատանդառվածները, 7-ը՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ ստացածները, 2-ը տուժել են կյանքի համար վտանգավոր բռնության փորձի հետևանքով, 4 ոստիկաններ տուժել են անձնական գույքի հափշտակությունների արդյունքում:

Տուժած քաղաքացիական անձանցից 7-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառված բուժաշխատողներն են, 10-ը տուժել են գույքի դիտավորյալ ոչնչացում և գույքի հափշտակություն կատարելու արդյունքում:

Քննությամբ պարզվել է, որ զինված անձանց խումբը հուլիսի17-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք է հասել տրանսպորտային չորս միջոցներով, այդ թվում երկուսը՝ «Ֆորդ տրանզիտ», մեկը՝ «Մերսեդես Բենց», և մեկը՝ «Կռազ» մակնիշի: Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են, կատարվել են դրանց առնչվող համապատասխան քննչական գործողություններ:

Ճշտվել է նաև, որ ապօրինաբար կրվող ինքնաձիգներից երկուսը ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան քարտադարաններում հաշվառված են որպես նախկին տարիներից փնտրվող: Այս և զինյալների մյուս 12 ինքնաձիգ-հրազենների ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են:

Այսօրվա դրությամբ, քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ 500-ից ավելի հարցաքննություններ՝ վկաների, տուժողների, մեղադրյալների, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 101 փորձաքննություններ՝ դատաբժշկական, ապրանքագիտական, հրդեհատեխնիկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահամակարգչային, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական և այլն, 38 անձանցից ստացվել են նույնականացման համար փորձաքննությանը տրամադրվող նմուշներ, կատարվել են 151 խուզարկություններ, 60 առգրավումներ, 78 զննություններ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի բազմաթիվ վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ ՀՔԾ-ն խոստանում է պարբերաբար տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG