Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի մտավորականի գործընկերներին»,- նախագահի կայքէջի հաղորդմամբ, ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հրաչյա Թամրազյանը մեր օրերի մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր, ականավոր գիտնական, բանաստեղծ ու թարգմանիչ: Նա նշանակալի ավանդ է ներդրել միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության և հատկապես նարեկացիագիտության զարգացման գործում, ինչպես նաև աչքի ընկել գրական-թարգմանչական հարուստ և բեղուն գործունեությամբ»,- մասնավորապես, նշված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG