Մատչելիության հղումներ

Այս գիշեր Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում վախճանվել է անվանի գիտնական, բանաստեղծ, թարգամանիչ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը: Վերջին շրջանում նա տառապում էր ծանր հիվանդությամբ:

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ․ դեկտեմբերի 5-ին, Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թվականին աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։

1988-91 թվականներին Հրաչյա Թամրազյանն աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թվականներին զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ էր։ 1993 թվականին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թվականներին ղեկավարել ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։

Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թվականին Հրաչյա Թամրազյանը ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում էր Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, արժանացել ՀՀ Նախագահի մրցանակի:

XS
SM
MD
LG