Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հերքում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի փոխնախագահի հետ


Պաշտոնական Երևանը կտրականապես հերքում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի իշխանության ներկայացուցիչների հետ: Համապատասխան հայտարարություն այսօր արել է Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն՝ տեղի ունեցածը «հերթական շահարկում» որակելով, այս մասին հայտնում է «Эхо Кавказа» պարբերականը:

«Հայկական կողմի պարզաբանմամբ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել: Սա հերթական քաղաքական շահարկումն է, որին հաճախ դիմում են օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները», - լրագրողներին ասել է Գիգիաձեն: Նա նշել է, որ դժվարանում է մեկնաբանել այն լուսանկարը, որտեղ պատկերված են Սերժ Սարգսյանը և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության փոխնախագահ Վիտալի Գաբնիյան:

«Հնարավոր է, որ պատկերված է եղել որոշակի իրավիճակ կամ մարդկանց մի խմբի իրավիճակային լուսանկար, ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև ես տեղեկատվություն չունեմ: Պաշտոնապես ես կարող եմ հաստատել, որ կա հայկական կողմի միանշանակ պաշտոնական հայտարարությունը այն մասին, որ ոչ մի հանդիպում չի եղել», - ասաց Վրաստանի արտգործնախարարի տեղակալը:

Սարգսյանի ու Գաբնիայի համատեղ լուսանկարն այսօր Facebook սոցկայքում տարածել է Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիյան՝ նշելով, որ լուսանկարն արվել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

Այսօր ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանի նախագահը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG