Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում ճաշել է «պաշտոնական» Սուխումիի և Ցխինվալի ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ Աբխազիայի փոխարտգործնախարարի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Աբխազիայի փոխարտգործնախարարի ֆեյսբուքյան էջից

Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ ԼՂ ղեկավար Բակո Սահակյանի կողմից այսօր տրված ճաշկերույթին ներկա են եղել ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք կազմավորումների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունների ղեկավարները:

Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

ԼՂ արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ստեփանակերտ են ժամանել Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Պուխաևը և Մերձդնեստրի տարածաշրջանային զարգացման նախարար Պյոտր Գուժևը: ԼՂ ԱԳՆ-ից նաև հայտնեցին, որ բացի վերը նշված պատվիրակություններից, որևէ այլ ճանաչված կամ չճանաչված երկրի «պաշտոնական պատվիրակություն» չի ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Այսօր ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում արդեն իսկ շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանի նախագահը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG