Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին առաջին տիկինը առաջադրվեց նաև համամասնական ընտրակարգով


Սանդրա Ռուլոֆս, արխիվ

Սանդրա Ռուլոֆս, արխիվ

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը հրապարակեց հոկտեմբերի 8-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակի առաջին 20 անունները: Անակնկալը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլոֆսի ընդգրկումն է ցուցակում:

Առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Ռուլոֆսը մեծամասնական ընտրակարգով Զուգդիդիում առաջադրել էր իր թեկնածությունը, և մինչ այս երբևէ չէր հայտարարվել, որ նա ընդգրկվելու է նաև կուսակցության ցուցակում:

Հրապարակված ցուցակում Ռուլոֆսը երկրորդն է:

Կուսակցության ներկայիս առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, ով գլխավորում է ցուցակը, երեկ հայտարարել է, որ Սանդրա Ռուլոֆսին համամասնական ցուցակում ընդգրկելը «հաղթանակի հայտ է»:

«Դա դրական երևույթ է առաջին հերթին Զուգդիդիի բնակիչների համար, ովքեր մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կունենան խորհրդարանում: Դա լավ լուր է նաև ամբողջ Վրաստանի համար, քանի որ տիկին Սանդրայի ներկայությունը Վրաստանի քաղաքականությունում առաջընթաց է: Դա դրական երևույթ է Վրաստանի ամբողջ քաղաքականության և ոչ միայն Ազգային միացյալ շարժման համար», - ասել է Բաքրաձեն:

Նա նշել է, թե համոզված են, որ Սանդրա Ռուլոֆսը կհաղթի առաջին փուլում, միաժամանակ կարևոր համարելով նաև, որ նա ցուցակի առաջին տասնյակում է:

«Դա շատ կարևոր է, քանի որ դա մեր հաղթանակի հայտն է, դա քայլ է դեպի հաղթանակ, որպեսզի հոկտեմբերի 8-ից հետո մեր այս թիմով սկսենք լուծել քաղաքացիների խնդիրները», - ասել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

Ազգային միացյալ շարժման ցուցակը ներկայացվել է կուսակցության գրասենյակում: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Սանդրա Ռուլոֆսը ասել է, թե առաջին անգամ է կուսակցության գրասենյակում, նախկինում նույնիսկ չի իմացել, թե որտեղ է այն:

Զուգդիդիում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մասին Ռուլոֆսը ասել է, որ երբ մտել է քաղաքականություն, պետք է իր համար ուժեղ շրջան ընտրեր, և ինքը ընտրել է Զուգդիդին:

«Ես հիացած եմ ոչ միայն մեգրելների մշակույթով, այլև Սամեգրելոն շատ ուժեղ շրջան է, մեզ համար հատուկ նշանակություն ունի», - ասել է Սաակաշվիլիի կինը:

Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, թե իր մասնակցությունը քաղաքականությանը երաշխիք է, որ բռնությունները չկրկնվեն: «Մեր կողմից վերահսկողություն է իրականացվելու, մենք այնպիսի թիմ ունենք, որը թույլ չի տա այդ սխալի կրկնությունը», - նշել է նա:

Ռուլոֆսը մեծ պատիվ է համարել լինել կուսակցության ցուցակում երկրորդը և հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական պայքարին:

«Ես համոզված եմ մեր հաղթանակի մեջ: Այսպիսի ուժեղացված, թարմացված թիմը արժանի է ամբողջ ժողովրդի աջակցությանը: Ես հավատում եմ վրացիներին, հավատում եմ Վրաստանին», - հայտարարել է հոլանդուհի Սանդրա Ռուլոֆսը:

Վրաստանում գործում է ընտրական երկու համակարգ՝ 150 պատգամավորներից 73-ը ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, 77-ը՝ կուսակցական ցուցակներով:

XS
SM
MD
LG