Մատչելիության հղումներ

Փաստաբանն ապօրինի է համարում «Սասնա ծռեր»-ից Սեդրակ Նազարյանի կալանավորումը


ՊՊԾ գնդի տարածքը՝ գրավված «Սասնա ծռեր»-ի կողմից, արխիվ
ՊՊԾ գնդի տարածքը՝ գրավված «Սասնա ծռեր»-ի կողմից, արխիվ

Ծանր վիրավոր Նազարյանի նկատմամբ մինչև օգոստոսի 12-ը որևէ մեղադրանք չէր առաջադրվել։

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը 15 օր շարունակ իրենց ձեռքում պահող՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը, ով մինչ երեկ գտնվում էր «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, անցած գիշեր երկու ամսով կալանավորվեց և տեղափոխվեց «Դատապարտյալների հինադանոց» ՔԿ։ Նա զինված խմբի միակ անդամն էր, ում նկատմամբ մինչև օգոստոսի 12-ը որևէ մեղադրանք չէր առաջադրվել։

Սեդրակ Նազարյանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենք-շինություններ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և փոխադրելը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատարանը որոշման մեջ նշել է, թե ազատության մեջ գտնվելով՝ Սեդրակ Նազարյանը կխոչընդոտի նախաքննությանը։ «Ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց դատարանը, մեզ համար ակնհայտ էր, որ ի սկզբանե դատարանը զուտ ձևական նիստ է գումարել: Միանշանակ համարում ենք, որ Նազարյանը քաբանտարկյալի կարգավիճակ ունի, որովհետև իրականում քաղաքական որոշման արդյունք է դա»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ «առողջական ծանր վիճակում» գտնվող Սեդրակ Նազարյանին ոստիկանությունը դատարան էր բերել առանց պատգարակի: Ավելի ուշ, սակայն, որոշվել է պատգարակ բերել, բայց դատական նիստի ողջ ընթացքում մեղադրյալը քնած է եղել: Սահակյանի խոսքով, դատարանը հաշվի չառավ նրա վիճակն ու մերժեց դատական նիստը հետաձգելու մասին իրենց միջնորդությունը։ «Ըստ էության, Սեդրակ Նազարյանը ֆիզիակապես էր միայն ներկա դատական նիստին»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ «անմարդկային» որակելով դատարանի այս կեցվածքը: «Նա դատական նիստերի դահլիճ բերվեց ոչ թե պատգարակով, այլ քայլելով, և միայն ուղեկցող բժշկի վճռական պահանջից հետո դատարանի դահլիճ բերվեց պատգարակ: Նազարյանին միացվեց թթվածին, ու քանի որ նա շատ վատ ինքնազգացողություն ուներ, գրեթե ամբողջ դատական նիստի ընթացքում եղել է քնած վիճակում»,- պատմեց փաստաբանը:

Սեդրակ Նազարյանն, ինչպես ավելի վաղ հաղորդել էր ոստիկանությունը, հուլիսի 31-ի առավոտյան ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել։ Նրա փաստաբանի խոսքով, Դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ «Էրեբունի ԲԿ»-ից տեղափոխվել է իր պաշտպանյալը, չկան բուժման անհրաժեշտ պայմաններ։

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Սեդրակ Նազարյանը չի ընդունում մեղադրանքը, ավելին՝ երեկ նա հայտարարել է, որ «Էրեբունի» հիվանդանոցում իրեն 12 օր շարունակ «ապօրինի կրեպով» զրկել են ազատությունից, նախաքննական մարմինն էլ հարազատներին թույլ չի տվել տեսակցել իրեն։ Նազարյանը նաև ասել է, թե առաջադրված մեղադրանքն իրեն պարզ չէ, ինչից հետո հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել։

Սեդրակ Նազարյանը մեկ ու կես տարի առաջ է Իսպանիայից Հայաստան վերադարձել: Նրա մայրը՝ Կարինե Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ որդին Իսպանիայում «լավ գործ» ուներ՝ մերսող էր աշխատում, բայց որոշել է հայրենիք տեղափոխվել ու պայքարել իշխանությունների դեմ։ «Ասում էր՝ հերիք ա ուրիշի ձեռի տակ ուրիշի համար աշխատենք, մենք էլ մեր հայերով, մեր Երևանը ծաղկացնենք: Նենց ծրագրեր ուներ իմ խեղճ երեխեն․․․»,- ասաց Սեդրակի մայրը: Սեդրակ Նազարյանը բողոքարկելու է կալանքի մասին որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG