Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Գարեգին Չուգասզյանի կալանքը վերացնելու միջնորդությունը


Գարեգին Չուգասզյան, արխիվ

Գարեգին Չուգասզյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր խորհրդարան»-ի ադամ Գարեգին Չուգասզյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։

Նրա պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ դատարանը քաղաքական որոշում կայացրեց։ «Մեր դատարանը հերթական անգամ բարձունքում հայտնվեց և ցույց տվեց, որ իրոք կալանքի գործերով ունակ չէ մանրակրկիտ, արդար քննություն իրականացնել, և, փաստորեն, վարույթ իրականացնող մարմնի ցանկությունները վեր է ածում որոշման», - ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու ՀԽ երեք անդամների հետ ձերբակալվել էր ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Երկու օր անց դատարանը որոշել էր երկու ամսով կալանավորել նրանց, սակայն մեկ ամիս անց նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։

Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քննչական գլխավոր վարչությունը 2016 թվականի հուլիսի 22-ին առավոտյան ժամը 10-ին նույն գործով Չուգասզյանին հարցաքննության հրավիրելու մասին ծանուցագիր էր ուղարկել։ «Ոստիկաններն այդ ծանուցագրով գնացել են նրա բնակարան, տեսել են այնտեղ չէ, կազմել են արձանագրություն, քննիչը անհապաղ որոշում է կայացրել՝ Չուգասզյանին բերման ենթարկելու մասին և մոտավորապես 5-6 ժամ հետո դիմել էր դատարան Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանվորումը կիրառելու վերաբերյալ և դատարանը բավարարել էր», - ասաց Զաքարյանը՝ շարունակելով.- «Սա ուղղակի ցնցող է, այսինքն՝ վատ նախադեպ է ստեղծվում, որ նման դեպքում, եթե մարդ մի քանի ժամով տանից բացակայում է, ուրեմն նա կհայտնվի կալանքի տակ»։

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Նա «Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ընդհատակ է անցել։

«Սասնա ծռերի» գործին, հիշեցնենք, միացվել է 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Աեֆիլյանի քրեական գործերը։

XS
SM
MD
LG