Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ ենթարկվում է «բացառապես քաղաքական հետապնդման»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահին, հիշեցնենք, հուլիսի 29-ին դեպի Սարի թաղ ցույցը ղեկավարելու համար մեղսագրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպում։ Բերման ենթարկված, ապա կալանավորված Մարտիրոսյանի խափանման միջոցը երկու օր առաջ փոխվեց: Գրավի դիմաց նա հիմա ազատության մեջ է:

Քրեական գործը, սակայն, չի կարճվել։ «Քրեական գործը ակնհայտ է, որ ապօրինի, քաղաքական հաշվեհարդար տեսնող քայլ է, և ոչ ավելին», - լրագրողների հետ հանդիպմանն ուրբաթ օրը հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Իր ձերբակալության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Ժառանգության» փոխնախագահը անթույլատրելի է համարում․ ինքը «Սասնա ծռերի» գրաված գնդի տարածք որևէ մեկին տանելու միջոցով նրանց միանալու ցանկություն չի ունեցել։

Փաշինյանն, հիշեցնեմ, ավելի վաղ նաև ասել էր․ - «Մենք դատապարտում ենք այն ուժերին, որոնք իրենց համարում են ընդդիմություն, ժողովրդին բռնում, տանում են կոկորդիլոսի բերանը, հետո ասում են՝ վայ, կոկորդիլոսը կծեց»։

«Ցավոք սրտի, խոսքեր է ասում [Փաշինյանը], որոնք, ըստ էության, ոստիկանության ներկայացուցիչներն են իրենց ցուցմունքներում գրել, որը իրականությանը չի համապատասխանում: Եվ եթե ես ասում եմ՝ «Սասնա ծռերը» և ժողովուրդը պետք է միանան, իրենք նույն ձևով կարող են հասկանալ, որ դա նշանակում է էլեկտրական զոդում, որովհետև բառիս բուն իմաստով միանալ դա է նշանակում: Իրենք կարող են հասկանալ, որ դա նշանակում է սուպեր սոսինձով գնանք և իրար կպնենք․․․ Բայց ամբողջ իմաստը այն է եղել, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Սասնա ծռերի» տղաները ազատ լինեն և իրենք հասարակության հետ լինեն», - բացատրեց ընդդիմադիր գործիչը:

Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին, թե ինչ է Մարտիրոսյանը նկատի ունեցել՝ հայտարարելով, որ ՊՊԾ գնդում առկա զենքը պետք է վերահսկողության տակ լինի, կրիմինալի ձեռքում չհայտնվի, և ո՞ւմ ձեռքում պետք է լինի զենքը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է. - «Տարբերակ մեկ․ զենքը գտնվում է այն ոստիկանների վերահսկողության ներքո, ովքեր անցնում են ժողովրդի կողմը: Երկրորդ տարբերակ․ զենքը կարող է վերահսկել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որևէ մեկը: Երրորդ տարբերակ․ զենքը կարող էր վերահսկել Ազգային անվտանգության ծառայության որևէ ստորաբաժանում: Չորրորդ տարբերակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Եվ վերջին տարբերակ՝ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչների և ուժային կառույցների համատեղ ջանքերով»:

«Ազատությունը» փորձեց պարզել Նիկոլ Փաշինյանի կարծիքը Մարտիրոսյանի հայտարարության վերաբերյալ։ Պատգամավորն արձագանքեց իր ֆեսբուքյան էջում․ - «Բազմահազարանոց և միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած և այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի: Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց և մինչեւ վերջ: Ու որևէ մեկը չմտածի, թե իր որևէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից: ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի և գնահատականները պետք է լինեն համարժեք: Մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին»։

Փաշինյանի հետ հեռակա վեճից զատ, Արմեն Մարտիրոսյանն ներկայացրեց նաև քաղաքական օրակարգի իր տեսլականը։ Իշխանափոխությունը, ըստ նրա, Հայաստանում ճգնաժամը հաղթահարելու պարտադիր, բայց ոչ բավարար պայման է․ անհրաժեշտ է նաև փոխել «կեղծված Սահմանադրությունը», դուրս գալ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կազմից՝ դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգն ու ստորագրել ԵՄ-ի հետ ազատ ասոցացման պայմանագիր։

XS
SM
MD
LG