Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը ողջունում է Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը


Արման Թաթոյան, արխիվ

Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը:

«Կալանքի՝ որպես անձին ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցի կիրառումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ քրեական վարույթի ընթացքում այդ անձի օրինական վարքագիծը հնարավոր չէ երաշխավորել կամ ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված այլ միջոցներով: Բացի այդ, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս կարևոր նշանակություն պետք է ունենա անձի՝ հանցանք կատարելու կամ փախուստի դիմելու իրական հնարավորության գնահատումը կամ անձի կողմից իր վրա օրենքով կամ դատական ակտով դրված պարտականության կատարման ապահովման իրական անհրաժեշտությունը: Ընդ որում, կալանքի կիրառության հիմքերի առկայության հարցը գնահատելիս յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ սկսած ենթադրյալ հանցանքին անձի առնչության աստիճանից մինչև նրա անձնական և ընտանեկան կյանքի հանգամանքների քննարկումը», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում:

Թաթոյանը նշել է, որ անազատության մեջ պահելու հարցեր քննարկելիս նշված չափանիշները պետք է դառնան Հայաստանի իրավական կյանքի իրական մաս, իսկ դրանց լիարժեք կիրառությունը՝ արմատավորված անշրջելի պրակտիկա:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ Մարտիրոսյանը կալանավայրից ազատ արձակվեց։ Նրա խափանման միջոց կալանքը՝ փոխարինվեց գրավով: Գրավի չափը դատարանը 1 միլիոն դրամ էր սահմանել:

Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG