Մատչելիության հղումներ

Սարի թաղում քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործով երկու անձ է կալանավորվել


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ևս երկու անձանց՝ Դ. Կ.-ին և Գ. Ա.-ին, մեղադրանք է առաջադրվել:

«Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալներ Դ. Կ.-ի և Գ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 4 անձանց մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG