Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատախազությունը քրգործ է հարուցել Գյուլենի ադրբեջանցի համակիրների նկատմամբ


Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության խոսնակ Էլդար Սուլթանովին, հաղորդում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ադրբեջանցի համակիրների նկատմամբ։

«Գլխավոր դատախազությունը, Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողությունները կանխելու նպատակով, քրեական գործ է հարուցել Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի համակիրների նկատմամբ», - ասել է Սուլթանովն՝ առանց անուններ նշելու։

Ադրբեջանական լրատվամիջոցները մինչ այդ՝ երկուշաբթի օրը, հաղորդել էին, որ Ադրբեջանում Գյուլենի, այսպես կոչված, գործակալը «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերեմլին է։

«Թուրքական իրավապահների կասկածները, որ հենց Քերեմլին կարող էր կատարել Ադրբեջանում Գյուլենի գործակալի դերը, ծագել էին դեռ 2014 թվականին։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն, հետաքննությունը Քերիմլիի և Գյուլենի ֆինանսական բուրգի ղեկավար Մուրատ Քըլըչլըի միջև սերտ կապեր է հայտնաբերել», - գրել էր ադրբեջանական իշխանամետ մամուլը։

Ընդդիմադիր գործչին մասնավորապես մեղադրում են Ադրբեջանում հեղաշրջում ծրագրելու մեջ, եթե Թուրքիայում հեղաշրջման փորձը հաջողությամբ պսակվեր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են տեղեկատվությունը, թե Գյուլենի համակիրները հեղաշրջում էին ծրագրում նաև Ադրբեջանում։

«Հույս չունենաք, թե նման կեղտոտ մեթոդներով կկարողանաք կանխել խաղաղ ցույցերը։ Շատ շուտով ժողովուրդը դուրս կգա փողոց և կտապալի ձեր բոլոր պլանները», - մեկնաբանելով իր դեմ ուղղված մեղադրանքները՝ հայտարարել է Ալի Քերեմլին, ով առաջինը ընդդիմանալով երկրում սպասվող սահմանադրական փոփոխություններին, իշխանություններին սպառնում էր մեծ թվով մարդկանց փողոց հանել՝ Մայրը օրենքը ձևափոխելու փորձերը կանխելու նպատակով։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս «Մուսուլմանական միասնություն» շիայական շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն դատարանում հայտարարել է, որ իրենից պահանջել են ցուցմունք տալ այն մասին, թե իբր Ալի Քերեմլին և Ջամիլ Հասանլին՝ մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ, պատրաստվել են համատեղ հեղաշրջում իրականացնել երկրում։

Քերեմլին իր հերթին է հիշեցրել, որ անցած տարեվերջին էլ պնդում էին, թե իբր ինքը Ադրբեջանում, շիաների օգնությամբ, հեղաշրջում է նախապատրաստել՝ Իրանի հոգևոր առաջնորդի կարգադրությամբ, մինչ այդ էլ 2011 թվականին մեղադրում էին, թե իբր «Քերեմլին միաժամանակ համագործակցել է «Ալ-Քաիդա» և «Հեզբոլա» ծայրահեղական կազմակերպությունների հետ»։

«Չգիտեմ՝ դրանց գլուխը ես եմ փչացրել, թե տոթը։ Ի՞նչ նպատակով են այսքան անհեթեթություններ անում», - Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին ձերբակալություններն ու հետապնդումներն ուղղված են վախ սերմանելուն։

XS
SM
MD
LG