Մատչելիության հղումներ

Ենիգոմշյան. Այս շարժումը վերկուսակցական շարժում է


Սակայն, ըստ Ենիգոմշյանի, դա չի նշանակում, որ կուսակցականները կամ կուսակցությունները իրավունք չունեն իրենց մասնակցությունը բերել այդ պայքարին։

Համակարգող խումբը վերակազմակերպվել է և անցել է իր գործառույթներին, «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ցույցերը համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Համակարգող խումբը գտնում է, որ այս շարժումը վերկուսակցական շարժում է, դա ՊՊԾ [պարեկապահակային ծառայության] գնդի տարածքից դուրս «Սասնա ծռեր»-ի քաղաքական պահանջների նկատմամբ հավատարմության, այդ պահանջների միտքն ու էությունը, բովանդակությունը կրելու հանձնառությունը ստանձնած մարդկանց, նաև այդ պահանջները իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու հանձնառությունը ստանձնած մարդկանց խումբ է, որը ժողովրդի հետ միասին պետք է այդ նպատակը փորձի իրականացնել»։

Ավելի վաղ Ենիգոմշյանը հայտարարել էր, որ համակարգող խմբի պահանջները մնում են նույնը՝ «Սերժ Սարգսյանի և վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում»:

Ենիգոմշյանի խոսքով՝ սա [նպատակների իրագործումը] պահանջում է վերկուսակցական մոտեցում։ «Այդպես եղել է և այդպես էլ կա։ Հիմա դա չի նշանակում, որ կուսակցականներ կամ թեկուզ և կուսակցություններ չպետք է, իրավունք չունեն մասնակցություն բերել այդ պայքարին, այդ իրավունքը ոչ ոքից չի զլացվում։ Անհրաժեշտ է, որ լինի մի առանցք, որը հավատարիմ է «Սասնա ծռեր»-ի առանցքային պահանջներին և, կրկնում եմ, կրողն է այդ գաղափարների, բայց դա չպետք է լինի, այսպես ասենք, քաղբյուրոյի դերակատարությամբ ինչ-որ կառույց, որը վերևից թելադրի, թե ինչ պետք է արվի և այլն։ Դա պետք է ապահովի միայն հավատարմություն այդ գաղափարներին», - ասաց համակարգող խմբի անդամը՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ով ու նրանց պահանջներով նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։

«Եթե այդ հավատարմությունը պահպանվի, և այդ առանցքը մնա միշտ հավատարիմ այդ սկզբունքներին, դրա շուրջ, դրանից անկախ ցանկացած նախաձեռնություն, իսկապես կառուցողական նախաձեռնություն, պետք է ողջունել։ Եթե անգամ նրանք կուսակցություններ են կամ կուսակցականներ են, խնդիր չկա այդտեղ, կարևորը բոլոր ուղղություններով այդ վեկտորները հանգեն և, առանց իրար հետ հակասությունների մեջ մտնելու, ներդաշնակվեն և նպաստեն հիմնական խնդրի լուծմանը», - ասաց Ենիգոմշյանը։

«Շատ ցավալի է, որ եղան զոհեր»

«Ազատության» խնդրանքով անդրադառնալով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման հետևանքով երեք զոհված ոստիկանների մասին հարցին, Ենիգոմշյանը, մասնավորապես, ասաց. - «Շատ ցավալի է, որ եղան զոհեր: Այդ զոհերից մեկը` ոստիկանների, բոլոր գիտեն, որ բացարձակապես կապ չունի «Սասնա ծռերի» հետ: Մեր ժողովուրդը, բացի ոստիկան զոհից, ունեցավ նաև ինքնահրկիզող մի քաղաքացի, որը ևս այս վարչախմբի զոհն է և տիրող իրավիճակի ճիչն է: Իհարկե, ոստիկանի և «Սասնա ծռերի» հետ կապ չունեցող ոստիկանի զոհվել էլ շատ ցավալի են և Աստված տա, որ այս ամբողջը բոլորի, և առաջին հերթին` այս վարչախմբի աչքերը բացի, որովհետև այլապես մենք տեսնում ենք, թե ժողովուրդը ինչքանով իր աջակցությունը, իր զորակցությունը հայտնեց «Սասնա ծռերին», ինչը ցանկացած այլ երկրում, ցանկացած այլ պայմաններում միգուցե անհավատալի, անհնար լիներ, բայց դա ևս ապացույցն է այն ամբողջությամբ անընդունելի կացությանը, որում գտնվում է Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին հարաբերությունների առումներով»:

Սարգսյանի հետ հանդիպումը «համոզում չէր` փորձ էր»

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող էր փոխվել Ժիրայր Սեֆիլյան – Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, ինչը բանակցային գործընթացում «Սասնա ծռերի» պահանջներից մեկն էր,Ենիգոմշյանը նշեց. - «Դա ընդամենը, միգուցե, երազանք էր, կամ ոչ այնքան իրապաշտ ցանկություն էր, որ կարող է` Սերժ Սարգսյանը համաձայնի էական, արմատական, որակական որոշ փոփոխություններ իրականացնել, և ոչ թե պարզապես խոստանալ դրանք անել և ոչ մի քայլ չանել, այլ հասնել հստակ ուղենիշերի շուրջ համաձայնության և նաև որդեգրել ամենաառաջին մեկ-երկու-երեք կոնկրետ քայլը: Սերժ Սարգսյանը կարող էր այդ դեպքում մնալ իշխանության, բայց այդ հանդիպման և այդ խնդրի` ՊՊԾ գնդի գրավման խնդրի հանգուցալուծման արդյունքում մենք կունենայինք Հայաստանում ոչ թե ամբողջական, համակարգային փոփոխություն, բայց, համենայնդեպս, որոշակի որակական փոփոխություններ: Սա համոզում չէր, սա փորձ էր Ժիրայր Սեֆիլյանի կողմից` ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալ ավելի հզոր, ավելի առողջ Հայաստանով: Դա փորձ էր, որը, իհարկե, մյուս կողմի կեցվածքների պատճառով իրականություն դառնալու շանս անգամ չունեցավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG