Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ուկրաինային մեղադրում է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մեջ


Մոսկվան Կիևին մեղադրել է Ղրիմի թերակղզու տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մեջ․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի գործողությունները ահաբեկչական է որակել:

Ուկրաինայի նախագահ Պետո Պորոշենկոն մեղադրանքները համարել է ֆանտաստիկ և սադրիչ:

Վլադիմիր Պուտինի խոսքերով Ուկրաինան խաղաղության փոխարեն ընտրել է ահաբեկչության ճանապարհը և զգուշացրել է, ո ր Ռուսաստանը լուրջ միջոցների կդիմի ապահովելու Ղրիմի անվտանգությունը: Պուտինը հավելել է, որ ստեղծված պայմաններում իմաստ չկա անցկացնելու 20 զարգացած երկրների գագաթաժողովում նախատեսված նորմանդական ֆորմատի պլանավորված բանակցությունները: Պուտինի այս կոշտ գնահատականները հնչել են Կրեմլում օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

Պուտինի արձագանքին նախորդել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն, Ուկրաինայի ռազմական հետախուզության կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձերի ժամանակ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից է զոհվել: Հաղորդագրությունում նշվում է, որ իրադարձունները ծավալվել են Ղրիմի հայկական հին բնակավայրերից մեկի՝ Արմյանսկի մատույցներում: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է, որ զինծառայողներից մեկը զոհվել է օգոստոսի 6-ից 7-ը տեղի ունեցած բախման ժամանակ, երկրորդը՝ օգոստոսի 8-ին դիվերսիոն երկու ուրիշ խմբերի հետ բախումների ընթացքում:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը նաև հաղորդում է, որ տեղանքում հայտնաբերվել են երկու տասնյակ ռումբեր, ականներ և զինամթերք: Վնասազերծվել է նաև ուկրաինական լրտեսական ցանց՝ Ղրիմում յոթ մարդ է ձերբակալվել դիվերսիոն ներթափանցումը նախապատրաստելու կասկածանքով, այդ թվում տեղական լրտեսական ցանցի համակարգողները:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, հերքելով Մոսկվայի մեղադրանքները, ասել է, թե դա ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում ռուսական զորքերի վերատեղակայումներն ու ագրեսիվությունը արդարացնելու փորձ: Իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Դմիտրո Կուլեբան Թվիթերում գրել է․ - «Ռուսաստանը սրում է իրավիճակը, Ուկրաինային պատերազմ հայտարարելու հուսահատ առիթ է փնտրում, ինչպես նաև ստուգում է Արևմուտքի արձագանքը»:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ասել է, թե օկուպացված Ղրիմում Ուկրաինային ահաբեկչության մեջ մեղադրելը ցինիկ է հնչում: - «Այդ ֆանտազիաները միայն պատրվակ են Ուկրաինայի դեմ ռազմական ավելի շատ սպառնալիքների համար», - ասել է Պետրո Պորոշենկոն:

Ղրիմի թերակղզու հյուսիսում անցած շաբաթավերջին նկատվել են ռուսական ծանր սպառազինությունների շարասյուններ: Ղրիմի թաթարների ակտիվիստները հաղորդել են, որ ռուսները Ղրիմում ստուգիչ-անցակետեր են ստեղծել և սովորականից շատ ռազմական տեխնիկայի կուտակումներ կան հյուսիսում, որտեղ թերակղզին ցամաքային պարանոցով միանում է Ուկրաինային: Ղրիմի մարդու իրավունքների խմբի՝ տեղական ոչ կառավարական կազմակերպության կայքէջում հրապարակվել են Կերչից լաստանավերով Ղրիմ տեղափոխվող ռազմական բեռնատարների լուսանկարներ և տեսանյութեր:

Ղրիմի շուրջ իրադարձությունները այսօր ևս շարունակվում են: Այսօր Ռուսատանի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, քննարկվել են Ղրիմի թերակղզու և Ուկրաինայի հետ ծովային սահմանների անվտանգությունը ուժեղացնելու հարցերը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսնակը այսօր ասել է, որ Ուկրաինան իրեն պաշտպանելու համար ռազմական անհրաժեշտ ռեսուրսներ ունի և հետևում է Ղրիմի շուրջ իրավիճակին:

Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն ասել է, որ Ուկիաիաին պատրաստ է «նույնիսկ գիշերվա կեսին» ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը:

Ուկրաինայի նախագահ Պետրոս Պորոշենկոն այսօր կարգադրել է Ղրիմի սահմանին և արևելքում՝ Ռուսատանի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական զորքերը բերել մարտական պատրաստվածության բարձր աստիճանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG