Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Պատգամավորի տեսակցությունը կալանավորվածի հետ երաշխավորված է օրենքով


Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը արգելել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին և 2 անդամներին, ապա նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այցելել կալանավորված անձնանց։

«Հնարավորություն չի տրվել տեսակցել ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի և այս գործի հետ կապված կալանավորված մյուս անձանց հետ, այլև ընդհանրապես հնարավորություն չի տրվել անարգել տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկում: Հրահանգը գալիս է անմիջականորեն Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանից», - նշում է Փաշինյանը:

Խնդրի մասին այսօր հայտարարությամբ ահազանգած «Բարգավաճ Հայաստան»-ի կարծիքով, տեղի ունեցածը «օրենքի կոպտագույն խախտում» է։

Նիկոլ Փաշինյանը ևս պնդում է, որ պատգամավորի տեսակցությունը կալանավորվածի հետ երաշխավորված է օրենքով։ Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սահմանած արգելքը բացատրել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքով՝ հղում անելով 15-րդ հոդվածին, ըստ որի՝ «քննության շահերից ելնելով` կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»։

«Իսկ նույն օրենքի հոդված 48-ը գծագրում է այն անձանց շրջանակը, ովքեր անարգել քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի հնարավորություն ունեն: Այսինքն էն հոդվածում ասում ա արգելելու մասին, էս հոդվածում ասում ա, թե որ անձինք են, որ իրավունք ունեն անարգել մուտք գործել և դուրս գալ քրեակատարողական հիմնարկներ՝ Հանրապետության նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ․ Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի անդամ․․․ և նշվում է Ազգային ժողովի պատգամավոր», - պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա սոցիալական ցանցում հրապարակած իր տեսագրությունում ասում է նաև, որ օրենքի խախտման և իր պատգամավորական իրավունքի ոտնահարման վերաբերյալ կբարձրաձայնի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում՝ բացատրության ակնկալելով Հայաստանի կառավարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից․ - «Ես բոլորիդ համար տեսանելի և լսելի ձևով Ազգային ժողովում այդ հարցը կքննարկեմ»:

Մինչ այդ քրեակատարողական հիմնարկը «Սասնա ծռերի» անդամներին տեսակցել թույլ չի տալիս նաև հասարակական դիտորդական խմբի անդամներին, ովքեր ևս, նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, կարող են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկ։

Դիտորդական խմբի անդամ, փաստաբան Արա Ղարգյոզյանն ասաց, որ դեռ սպասում են արգելքի վերացմանը․ - «Մեզ ասում են՝ դուք տեսակցելու իրավունք չունեք: Մենք ասում ենք՝ հարգելիս, մենք չենք գնում տեսակցելու, ո՛չ պաշտպան ենք, ո՛չ էլ հարազատ ենք: Մենք գնում ենք խուցը դիտարկելու և տեսնենք՝ անձը խոշտանգման ենթարկվե՞լ է, թե՞ ոչ: Մեզ ասում են՝ դիմեք քննիչին: Երբ որ մենք դիմենք քննիչին, կարելի ա ասել՝ մեր մանդատը մի կողմ պետք է թողնենք»:

Փաստաբանը միևնույն ժամանակ նկատում է, որ օրենքը ընտրովի է կիրառվում, քանի որ քրեակատաորղական հիմանկը, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին թույլ տալիս է այցելել կալանավորված «Սասնա ծռեր» խմբի և «ժառանգություն» կուսակցության կալանավորված անդամներին։

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչ Անի Ներսիսյանի գնահատմամբ, իրենցից բացի մյուսներին՝ պատգամավորներին և դիտորդական խմբի անդամներին քրեակատողական հիմնարկ այցելելու արգելքը իրավաչափ չէ, և մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածի վերաբերյալ առաջիկայում իր դիրքորոշումը կհայտնի․ - «Բնականաբար իրավաչափ չէ, քանի որ բազմիցս նշվեց, որ ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքով հստակ նշվում են, թե ովքեր կարող են մտնել ներս առանց հատուկ թույլտվության»:

XS
SM
MD
LG