Մատչելիության հղումներ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը՝ չհստակեցնելով Կարապետյանի պաշտոնանկության պատճառը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության պատճառի մասին ոչինչ չասացին՝ փոխարենը հայտնելով, որ Երևանի ոստիկանապետ է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով ընդամենը այս մարտին էր նշանակվել իր պաշտոնին։

Ուշագրավ է, որ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը թողեց իր պաշտոնը ոչ թե սեփական դիմումի համաձայն, ինչպես սովորաբար արվում է նման դեպքերում, այլ իր վերադասի որոշմամբ: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Վլադիմիր Գասպարյանը Կարապետյանին պաշտոնից ազատեց հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նկատողություն հայտարարելուց երեք օր անց: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ հանրության համար անհասկանալի է, թե ի՞նչ է տեղի ունեցել նկատողությունից հետո, ինչն էլ ստիպել է Վլադիմիր Գասպարյանին պաշտոնակ անել Աշոտ Կարապետյանին։

«Մենք միայն կարող ենք ենթադրել, որ այդ ամենը կապված է հուլիսյան իրադարձությունների ժամանակ Աշոտ Կարապետյանի գործունեության հետ։ Բայց դա էլ չի կարող համարվել տրամաբանական, որովհետև Աշոտ Կարապետյանը պետք է շատ ավելի շուտ հեռացված լիներ ոստիկանական համակարգից՝ հիմնականում Գրիշա Վիրաբյանի գործով նրա ունեցած անմիջական մասնակցության հիման վրա, երբ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել էր բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, որին մասնակցել էր հենց անձամբ Աշոտ Կարապետյանը», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց իրավապաշտպանը։

2012 թվականին Եվրադատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց 31 հազար եվրոյին համարժեք տուգանք վճարել ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին` որպես փոխհատուցում նրան խոշտանգումների ենթարկելու, արդար դատաքննության իրավունքը ոտնահարելու և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար: Եվրադատարանի՝ 2012-ի հոկտեմբերին հրապարակված վճռում մեջբերված են Վիրաբյանի վկայությունները, որ ոստիկանության պաշտոնյա Ա. Կ-ն (փաստաթղթում այսպես է անուն-ազգանունը նշված) ոստիկանության Արտաշատի բաժնում 2004 թվականին իրեն դաժան ծեծի է ենթարկել, «մետաղյա առարկայով հարվածել է գոտկատեղից ներքև», ծեծի հետևանքով ինքը «կորցրել է գիտակցությունը»:

XS
SM
MD
LG