Մատչելիության հղումներ

Ռոհանի. Իրանը պաշտպանում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը


Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործում, ըստ «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության, կիրակի օրը Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Նա ասել է, որ Իրանը պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ ձեռնարկվող և հավատում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ասել է, թե ինքը Իրանի նախագահին ներկայացրել է այսօրվա իրավիճակը։

Նշենք, որ Հասան Ռոհանին երեկ է պաշտոնական այցով ժամանել Բաքու։ Իրանի և Ադրբեջանի նախագահներն առանձին հանդիպում են ունեցել, որին հաջորդել է երկու կողմերի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության վեց փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման մտադրությունների արձանագրությունը։

Իլհամ Ալիևն այս կապակցությամբ ասել է, թե երկուշաբթի օրը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը պատմական քայլեր են կատարվելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հետ կապված։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարելիք այցի կապակցությամբ օրերս հարցազրույց էր տվել ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությանը, որտեղ անդրադարձել էր նաև Ղարաբաղի խնդրին՝ ասելով, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի պատրաստվում լուծումներ թելադրել Բաքվին և Երևանին, կողմերն իրենք պետք է գնան փոխզիջումների։

Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, թե Բաքվի հանդիպմանը երեք նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի շուրջ։ «Առաջին հերթին դրանք մեր սահմաններին մոտիկ թեժ կետերն են՝ Սիրիա, Աֆղանստան, իրավիճակը Մերձավոր Արևելքում և պայքարը ահաբեկչության դեմ, ծայրահեղականության դեմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների սպառնալիքներին դիմակայելու հարցերը», - ասել էր Ուշակովը՝ նշելով, որ Բաքվում երեք նախագահների հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահը։

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ ակնհայտ է, որ նման հանդիպումն անհրաժեշտ է, երեք հարևան երկրները բարդ խնդիրների են բախվում՝ ներառյալ գլոբալ տնտեսական ճգնաժամը, անմիջապես սահմանների մոտ իրավիճակները։

Նա ասել էր, որ քննարկված հարցերի վերաբերյալ Բաքվի գագաթաժողովում հռչակագիր է ընդունվելու։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը վաղը Մոսկվայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, իսկ հաջորդ օրը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG