Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը Բաքու մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ադրբեջանական Azertaj-ին։

Փոխզիջման հասնել, նշանակում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել, Բաքու կատարելիք այցի նախօրեին ադրբեջանական Azertaj-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին։

«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնություն, որի արդյունքում կողմերից և ոչ մեկը իրեն չի զգա հաղթող կամ պարտվող, զիջումները փոխադարձ պետք է լինեն, իսկ կողմերի օգուտները պետք է հասկանալի, ընկալելի լինեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հանրությանը», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայում գիտակցում են պատասխանատվության այն չափը, որ ընկած է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին և ողջունում են կառուցողական մոտեցումը, որն առկա էր հունիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների վերջին հանդիպման ընթացքում։

Հարցազրույցում Պուտինը կրկնել է պաշտոնական Մոսկվայի բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ամենևին չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել (ղարաբաղյան խնդրի կարգավորման) ինչ-ինչ պատրաստի բաղադրատոմսեր: «Կողմերն իրենք պետք է հանգեն պայմանավորվածության՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ», - ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Մոսկվան, Պուտինի փոխանցմամբ, պատրաստ է այդ պայմանավորվածության երաշխավորը լինել՝ Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների հետ միասին։

Ռուսաստանի նախագահը նաև կարևոր է համար ընդգծել, որ Ռուսաստանի ուղղակի միջնորդությամբ 1994 մայիսին կնքվել է կրակը դադարեցնելու մասին համաձայնագիրը, որը, նրա խոսքով, մինչ այսօր մնում է զինադադարի հիմքը:

Պուտինը հիշեցրել է նաև 2008-ին Մեդվեդևի միջնորդությամբ կնքված այսպես կոչված Մայնդորֆյան կամ Մոսկովյան հռչակագիրը՝ ընդգծելով, որ այն մինչ օրս մնում է միակ փաստաթուղթը, որի տակ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։

Ռուսաստանի նախագահը նաև շեշտել է, որ ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում Ռուսաստանը վճռական դերակատարություն է ունեցել: Սրա հետ մեկտեղ, Պուտինը մոլորություն է անվանել տարածված այն կարծիքը, թե Ռուսաստանը փորձում է մենաշնորհել ղարաբաղյան բանակցությունները և հավաստիացրել, որ Ռուսաստանը գործում է մյուս համանախագահների հետ միասին և, որպես ապացույց, նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման եզրափակիչ մասին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները։

Ծավալուն այս հարցազրույցում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները Պուտինը որակում է որպես ռազմավարական գործընկերություն, որի հիմքում բարեկամության, միմյանց հետաքրքրությունները հարգելու, ընդհանուր պատմության և մշակույթի երկարամյա ավանդույթն է։

Պուտինը ընդգծել է համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության ոլորտներում։ Բացի այդ, Մոսկվան լայն հնարավորություն է տեսնում Կասպից ծովում համագործակցության ընդլայնման մեջ՝ շեշտելով Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձևաչափով համագործակցությունը։

Ռուսաստանի ղեկավարն արձանագրել է՝ ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը Ռուսաստանի 5-րդ առևտրային գործընկերն է Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից հետո։ Իսկ Ռուսաստանն առաջին տեղում է ադրբեջանական ապրանքի արտահանման առումով։

Ճգնաժամը ազդել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, և եթե 2014-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմում էր 4 միլիարդ դոլար, 2015-ին այն նվազել է 30 տոկոսով և կազմել է 2.8 միլիարդ դոլար։

Պուտինը նաև անդրադարձել է մի քանի օրից Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը՝ ընդգծելով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան այս նոր ձևաչափով համագործակցության կարևորությունը ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։

Եռակող հանդիպման առանցքային հարցերից է լինելու Հյուսիս-Հարավ միջազգային երկաթգիծը, որի ընդհանուր երկարությունը 7 հազար 200 կիլոմետր է, և որը թույլ է տալու Հնդկաստանն ու Իրանը կապել Ռուսաստանի և արևտյան ու հյուսիսային Եվրոպայի հետ:

Ռուս-իրանական հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս, Պուտինը ընդգծել է համագործակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում՝ նշելով, որ ռուսական տեխնոլոգիաներով Իրանում կառուցվել է «Բուշեր» ատոմակայանը և ռուսաստանցի մասնագետները մտադիր են ևս ութ բլոկ կառուցել Իսլամական Հանրապետությունում:

Բացի այդ, Մոսկվան ու Թեհրանը այսօր բանակցում են նոր նավթագազային համատեղ ծրագրերի, ավիացիոն և էլկտրաէներգետիկայի բնագավառներում համագործակցության շուրջ։

Պուտինի փոխանցմամբ՝ ռուս-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի արագ կզարգանան, եթե ստեղծվի ազատ առևտրի գոտի Իրանի և Եվրասիական միության միջև: «Աշխատանքային խումբ այս հարցով արդեն ստեղծված է», - հայտնել է Ռուսաստանի նախագահը։

XS
SM
MD
LG