Մատչելիության հղումներ

Դատարանը կքննի Խադիջա Իսմայիլովայի բողոքը ընդդեմ Բաքվի դատախազության


Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Օգոստոսի 17-ին դատարանը կքննի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը ընդդեմ Բաքվի դատախազության, որի միջնորդությամբ լրագրողը կալանավորվել էր՝ գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Իսմայիլովան դատարան է դիմել՝ պահանջելով փոխհատուցում վճարել իրեն շուրջ երեք ամիս կալանքի տակ պահելու անհիմն որոշման պատճառով։

Որպես վնասի փոխհատուցում, Իսմայիլովան մոտ 18 հազար դոլար է պահանջում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Լրագրողը բողոքում հիշեցրել է, որ ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին և մինչև 2015 թվականի մարտի 6-ը բանտում պահվել է անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Խոսքն իր գործընկեր Թուրալ Մուստաֆաևի մասին է, ով պնդում էր, թե Խադիջան իրեն ինքնասպանության է հասցրել, իսկ ավելի ուշ հերքել էր այդ հայտարարությունը՝ ասելով, որ իրավապահների ճնշման արդյունքում է նման հայտարարություն արել։

Այս խոստովանությունից հետո՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը արդարացրել է Իսմայիլովային այս հոդվածով, սակայն դրանից հետո էլ լրագրողին շարունակել են կալանքի տակ պահել։

Ինքնասպանության հասցնելը միակ մեղադրանքը չէր, որ վերագրվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնեսները բացահայտած լրագրողին։ Տարիներ շարունակ Ադրբեջանում կոռուպցիոն սխեմաներ գաղտնազերծած լրագրողը մեղավոր ճանաչվեց նաև հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու, իշխանությունը չարաշահելու և զրպարտության մեջ։

2015 թվականի սեպտեմբերին նա դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման։

Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը, Amnesty International-ը։

Լրագրողի ազատ արձակման ուղղված արշավներ էին նախաձեռնել մի խումբ հեղինակավոր քաղաքական գործիչներ, փաստաբաններ։

Այդ ջանքերն, ի վերջո, արդյունք տվեցին. անցած մայիսի 25-ին լրագրողը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։

Բանտում մեկուկես տարի անցկացնելուց հետո էլ Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, թե չի հրաժարվելու իր հիմնական առաքելությունից՝ լրագրողական հետաքննություններ անցկացնելուց։

XS
SM
MD
LG