Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագրի գնահատմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը «քաղաքականության և ոչ թե օրենքի դրսևորում է»:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 7.5 տարվա ազատազրկման դատապարտեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հիմնադիր, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Մեղադրողը պահանջել էր 9 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Իսմայիլովան կալանավորվել է անցյալ տարվա դեկտեմբերին:

Դատարանը դատավճռով համարել է, թե Ադրբեջանի նախագահի ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը հետաքննած Իսմայիլովան մեղավոր է հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու, իշխանությունը չարաշահելու, զրպարտության մեջ:

Իսմայիլովայի փաստաբան Ֆարիզ Նամազլին հայտարարելէ՝ անշուշտ, դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:

Խադիջա Իսմայիլովայի մայրը՝ Էլմիրա Իսմայիլովան դատավճռից հետո ասել է.- «Խադիջան կանգ չի առնի: Նրա բերանը չի փակվի: Նրա գրիչը չի չորանա: Նա կշարունակի խոսել և գրել: Նա պայքարող է: Եվ նա բոլորին ասել է՝ մնալ զգոն և շարունակել պայքարը»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագրի գնահատմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը «քաղաքականության և ոչ թե օրենքի դրսևորում է»:

«Պաշտոնյաները պարզապես որոշեցին լռեցնել նրան ամեն գնով»,- պնդել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը։

ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ևս դատապարտել են Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը:

«Իսմայիլովայի դեմ մեղադրանքները և դատավարությունը ահազանգ են, որ պաշտոնյաները շարունակում են լռեցնել Ադրբեջանի քննադատական ձայնը: Ես կրկնում եմ իմ կոչը Ադրբեջանի կառավարությանը՝ դադարեցնել թիրախավորել լրագրողներին»,- ասել է Միյատովիչը:

«Խադիջա Իսմայիլովան վճարում է իր խիզախ աշխատանքի համար, որպես հետաքննող լրագրող, մի երկրում, որտեղ քննադատական խոսքի համար խոչընդոտներ են ստեղծվում մեկը մյուսի հետևից: Այս դատավճիռը նոր հարված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին, ժողովրդավարության ձգտումների և Ադրբեջանում օրենքի գերակայությանը»,- գնահատել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։

Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք այլ հեղինակավոր կազմակերպություններ` Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG