Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը չի բացառում, որ Մոսկվայում Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն ԼՂ հարցը


Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը զրուցում է լրագրողների հետ, 4-ը օգոստոսի, 2016 թ․

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը զրուցում է լրագրողների հետ, 4-ը օգոստոսի, 2016 թ․

Շավարշ Քոչարյանը նաև նկատում է՝ Բաքուն արդեն իսկ քայլեր է կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները վիժեցնելու ուղղությամբ:

Օգոստոսի 10-ին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը հնարավոր է՝ քննարկվի նաև ղարաբաղյան հիմնախնդիրը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նախագահի լրատվական ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքում Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ: Հաղորդագրությունում ղարաբաղյան հակամարտության մասին խոսք չկար:

«Բազմաթիվ հարցեր կան քննարկելու, այն էլ մեր արագ փոփոխվող տարածաշրջանի հետ կապված, նաև շատ հավանական է, որ չշրջանցվի Ղարաբաղի հարցը: Տարածքներ զիջելու մասին էլ երբևէիցե խոսք չի եղել և չկա»,- ասաց Քոչարյանը:

Օգոտսոսի 1-ին իր նստավայրում՝ հասարակության, իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին, Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաև ղարաբաղյան խնդրին, մասնավորապես, նշելով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է»:

Նախքան Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպումը, օգոստոսի 8-ին Բաքվում կայանալիք՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում են ունենալու Ալիևն ու Պուտինը: Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Սանկտ-Պետերբուրգում Պուտինն ընդունելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ մոսկովյան հանդիպումը բեկում մտցնի ղարաբաղյան կարգավորման գործընթացքում: «Կա երկու հարթություն, մի հարթությունը վերաբերում է այն բանին, ինչն արձանագրվեց Վիեննայում և Վիեննայից հետո՝ Սանկտ Պետերբուրգում: Դա վերաբերում է նրան, որ լինի վստահության որոշակի մթնոլորտ, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ և այլն: Դա քաջ հայտնի է: Դա վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել միայն այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը այս կամ այն կերպ․․․ բանակցություններն ընթանում են, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը կրկին, դա արդեն նոր չի, այն պայմանավորվածությունները, որոնք կան․․․ բանակցային սեղանի շուրջ [Բաքուն] լրիվ այլ բաներ է ներկայացնում: Համենայն դեպս ակնհայտ է, որ արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները վիժեցնելու ուղղությամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի պահանջներից մեկն էլ առնչվում էր ղարաբաղյան բանակցություններին, հնարավո՞ր է, որ այժմ դա ինչ-որ ազդեցություն ունենա բանակցությունների ընթացքի վրա, Քոչարյանն արձագանքեց՝ «Դժվարանում եմ այդ հարցին հստակ պատասխանել»: Հարցին էլ՝ արդյո՞ք նախագահ Սարգսյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությունը, թե ղարաբաղյան հարցում բացառվում են միակողմանի զիջումները, արվել է ի պատասխան արտաքին ճնշման, փոխարտգործնախարարն այսպես պատասխանեց՝ «Այդ հայտարարությունն արվել է ոչ թե ի պատասխան արտաքին ազդակների, այլ ներքին»: Ինչ վերաբերում է «ճնշումներին», ապա, փոխարտգործնախարարի խոսքով, միջնորդները ոչ թե ճնշումներ են գործադրում, այլ փորձում են հնարավորինս մոտեցնել կողմերի դիրքորոշումները, «ինչը բնական է»:

Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի խորհրդարանի «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու՝ Հայաստանի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությանը: «Թքած Հայաստանի վրա»,- ռուսական «Life»-ի եթերում օգոստոսի 1-ին հայտարարել էր Ժիրինովսկին: Այս առնչությամբ Հայաստանի փոխարտգործնախարարը նշեց՝ «Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք, էդքան չարժևորենք: Բավական է պատասխանը, որ տվել է Ռուսաստանում [Հայաստանի] դեսպանը»:

XS
SM
MD
LG