Մատչելիության հղումներ

Փոխվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գևորգ Մելքոնյանի խափանման միջոցը


Գևորգ Մելքոնյան

Գևորգ Մելքոնյան

«Ազատության» տվյալներով, Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել կալանքից՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ նախաքննության այս փուլում նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, առաջիկայում գնդի գրավման գործով հաղորդագրություն կտարածեն։

Բանտում գտնվող Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը «Ֆեսյբուք»-ում գրառում էր կատարել, թե նախաքննական մարմինը փոխել է Մելքոնյանի խափանման միջոցը և քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակել։

Հիմնադիր խորհրդարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գևորգ Մելքոնյանը փաստաբան չունի: Հայտնի չէ նաև, թե նախաքննական մարմինը նրան Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրանք առաջադրել։

Կիրակի օրը հանձնված զինված խմբի բոլոր անդամներին ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու ու պատանդ պահելու մեղադրանք է առաջադրվել։ Լոռու մարզի բնակիչներ Գևորգ Մելքոնյանն ու նրա ազգական Ռուբեն Գրիգորյանը ավելի վաղ էին դուրս եկել գնդի տարածքից։ Նրանք, ոստիկանության ձևակերպմամբ՝ «դուրս էին հանվել» մինչև զինված խմբի հանձնվելը:

Ոստիկանության հրապարակած տեսանյութում Մելքոնյանը պնդում է, որ պատահաբար է հայտնվել «Սասնա ծռերի» կազմում և խմբի նպատակների մասին ոչինչ չի իմացել։

Պատմում է, թե հուլիսի 17-ի գիշերը, ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց առաջ ինչպես է խմբի մյուս անդամ Արմեն Լամբարյանն իրեն ու մյուս երկու տղաներին՝ Արթուր Մելքոնյանին և Ռուբեն Գրիգորյանին առաջարկել է գնալ Երևան՝ մասնակցելու ցույցի։ Իրենք էլ համաձայնելով՝ ճամփա են ընկել․ - «Գնացինք, ճանապարհին եկանք «Կռազը» խփեց պատի-մատի, վախեցած իջանք, կրակոցներ հնչեց: Չջոկինք, որտեղ ենք գտնվում, ինչ ա կատարվում հետներս: Մտանք, միլիցեքը մի հատ ճամփի կողմից եկան արդեն, ուզենցաքն հետևի կողմից դուրս գանք մի քանի հոգով, ընտեղ շներ կային, հաչացին, վախեցանք դուրս գանք: Հետո ասին՝ մտեք, մտեք շենքը, մտանք շենքը ու տենց արդեն սպասում էինք, թե ինչա եղնելու»։

Ոստիկանի հարցին ի պատասխան՝ Գևորգ Մելքոնյանը նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի ճանաչում, նրա մասին լսել է։ Հարցին էլ, թե որտեղից Սեֆիլյանին պետք է ազատեիք, Գևորգը պատասխանել է՝ բանտից:

Վերաորակվել է Արթուր Սարգսյանի մեղադրանքը

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սնունդ էր հասցրել զինված խմբին։ Նրան այժմ մեղադրում են զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ Ավելի վաղ նախաքննական մարմինը Սարգսյանին նույն մեղադրանքներն էր առաջադրել, ինչ զինված խմբի մյուս անդամներն։

Սարի թաղի բնակիչ, 50-ամյա Սարգսյանը հուլիսի 25-ին սեփական ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական շղթան ու մուտք գործել գնդի տարածք՝ սնունդ հասցնելով այնտեղ գտնվողներին։

Արթուրի ընկերները արդար չեն համարում նախաքննական մարմնի մոտեցումը: Սամվել Թադևոսյանի կարծիքով, Սարի թաղում միայնակ, վարձով բնակվող ընկերը մարդասիրություն է դրսևորել․ - «Չեմ կարծում, որ նույն հոդվածով պետք ա լինի: Ես գտնում եմ, որ իրան պետք ա ազատ արձակեն, որովհետև միայն իրա հանցագործությունը նրանումն ա, որ հաց ա տարել էդ մարդկանց․․․ Արդար չի»:

Բարձրագույն կրթություն ունեցող Արթուր Սարգսյանը Վերնիսաժում իր ձեռքի աշխատանքներն էր վաճառում։ Նրա ընկերներից Արթուր Հովհաննիսյանի խոսքերով, գնդի տարածքը գրավելու օրը միասին են եղել Վերնիսաժում, զարմացել տեղի ունեցածից․ - «Կարանք օրերով էլ նայենք՝ եթե շաբաթ-կիրակի ա, ինքը անպայման Վերնիսաժում ա: Ամբողջ Վերնիսաժը կարա վկայություն տա, որ ինքը եղել ա Վերնիսաժում»:

Արթուր Սարգսյանի ընկերներն ասում են, որ նա ողնաշարի լուրջ հիվանդություն ունի և բանտում առողջությունն է՛լ ավելի կվատանա։

Նրա ընկերները վստահ են, որ Արթուրը կապ չուներ կատարվածի հետ․ - «Ինքը կապ էլ չի ունեցել էդ Ժիրայր Սեֆիլյանի խմբի հետ, չի էլ ճանաչել դրանց»:​

XS
SM
MD
LG