Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Ենիգոմշյանի ձերբակալությունը անօրինական է


Ալեք Ենիգոմշյան

Ալեք Ենիգոմշյան

Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն ու նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում են, որ նախաքննական մարմինը ապօրինի է ձերբակալել նրան։

Բաղդասարյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ պահանջելով անհիմն ճանաչել ձերբակալման արձանագրությունը և անհապաղ ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչին․ - «Ձերբակալումը կատարվել է անօրինական: Ձերբակալության մասին կազմված արձանագրությունը, ձերբակալությունը անօրինական է: Եթե մարդուն չեն պարզաբանել իրա իրավունքները, պարտականությունները․․․ Ինքը չի ստացել էդ թուղթը: Ինքը կարում ա լսի, բայց ինքը պիտի ստանա թուղթը, ծանոթանա։ Չեն կատարել էդ օրենքի պահանջը: Ըստ օրենքի և մեր Սահմանադրության ամբողջը համարվում ա անօրինական»:

Երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկված, ապա ձերբակալված Ենիգոմշյանը, Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ, կասկածվում է կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով խմբին օժանդակելու մեջ։ ԱԱԾ-ն նաև նշում է, որ հաշվի առնելով Ենիգոմշյանի հաշմությունը` ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ:

Ենիգոմշյանի փաստաբանի խոսքով, իրենց համար անհասկանալի է, թե ինչպես է իր պաշտպանյալն օժանդակել զինված խմբին։ Նախաքննական մարմնի հիմնավորումների մեջ, ըստ փաստաբանի, միայն նշվում է օժանդակության մասը՝ առանց որևէ պարզաբանման․ - «Ես ինքս, փաստաբան լինելով, չեմ հասկացել ինչի համար են ձերբակալել: Իրավական հիմքերը հայտնի են, բայց փաստական հանգամանքները, թե ինքը կոնկրետ ի՞նչ գործողություն ա կատարել, որոնք իրանք դիտել են օժանդակություն, անկեղծ եմ ասում՝ ես, փաստաբան լինելով, չեմ հասկացել: Ես ոնց որ հասկանում եմ․․․ թեպետ այդ նյութերը ինձ չի էլ տրամադրվել, ես ենթադրում եմ, որ կան ձայնագրություններ»:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ Ենիգոմշյանին տեսակցած Բաղդասարյանն ասում է, որ տեսողության խնդիր ունեցող Ենիգոմշյանի համար մեկուսարանում առաջին անհրաժեշտության պայմաններ չկան․ - «Պահել նման հաշմանդամին փակ պայմաններում միայն մի սենյակի մեջ և էդ պայմաններում ապահովել իր իրավունքները, հնարավոր չի: Պետք ա լինի համապատասխան սեղան, որ ինքը կարողանա սնունդ ընդունի, համապատասխան պայմաններ, որ ինքը լողանա․․․ բոլոր էն պայմանները, որոնք ոչ հաշմանդամը կարող ա անել, ինքը չի կարող անել, որովհետև իրա մոտ խնդիր կա տեսողության և ձեռքը չկա մեկ»:

3 օրվա ընթացքում նախաքննական մարմինը կա՛մ մեղադրանք կառաջադրի Ենիգոմշյանին, կա՛մ ազատ կարձակի։

Թեև Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված անձանց թիվը, սակայն «Ազատության» տվյալներով, առնվազն 6 հոգի արդեն կալանավորված է, այդ թվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, Աշոտ Մուրադյանը, Տարոն Լոռյանը, Սերգեյ Հակոբյանը, Սամսոն Գաբրիելյանը։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

38-ամյա Սամսոն Գաբրիելյանի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, տղամարդու մեղադրանքի համար հիմք հանդիսացել այն, որ նա Սարի թաղից հուլիսի 19-ին զանգահարել է Պավել Մանուկյանին, տեղեկացրել է, որ շրջապատված են ոստիկանների կողմից և հորդորել է զգույշ լինել։

Սամսոնի մայրը՝ Ալինա Գաբրիելյանը պնդում է, որ որդին անմեղ է և երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել․ - «Ստալինի ժամանակ ա եղել․ մարդ եթե խոսեց մեկի հետ, էդ տվյալ մարդին տարել են․․․ Ինչի՞ համար․․․ Ամբողջ հայությունը ասում ա՝ ինչո՞վ օգնենք: Դե ամբողջ հայությանը՝ ծերից-ծեր, առանց հարցնելու, առանց բանի, թող վերցնեն սրբեն, տանեն մի տեղ լցնեն, հանգստանան»:

Սամսոնը երկու անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը հաշմանդամ է, պատրաստվում էր նրան երկրից դուրս տանել՝ բուժման։

Կինը՝ Էլինա Գաբրիելյանը, արցունքն աչքերին պատմում էր, որ Պավել Մանուկյանի ընտանիքի հետ վերջերս են ծանոթացել, բայց մտերիմ հարաբերությունների մեջ չեն։ ՊՊԾ գունդը գրավելու օրը, վաղ առավոտյան ամուսինը անծանոթ համարից զանգ է ստացել։ Քննիչները նաև դա են համարել կասկածելի։

Սամսոնի եղբայրը՝ Սմբատ Գաբրիելյանը, նշում է, որ գնդի տարածքի գրավման լուրը իրենց բոլորի համար էր անսպասելի․ - «Ինքը ոչ մի պլանների մասին ընդհանրապես տեղյակ չի եղել: Դա ես կարամ հարյուր տոկոսով ասեմ: Ինքն էլ էր ապշած՝ ոնց կարող ա սենց բան լինի»:

XS
SM
MD
LG