Մատչելիության հղումներ

Քլինթոնին ծափողջյունների փոխարեն սուլոցներով դիմավորեցին


Թվում էր, թե անցած երեկոն պետք է շռնդալից ու հաղթական լիներ Հիլարի Քլինթոնի համար. ներկուսակցական երկարատև պայքարից հետո դեմոկրատները հավաքվել էին համագումարի, որտեղ ակնկալվում է, որ պաշտոնապես կառաջադրեն նրա թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Շռնդալից ծափողջյունների փոխարեն, սակայն, համագումարի մասնակիցներից շատերը սուլոցներով ու վանկարկումներով դիմավորեցին Քլինթոնին՝ ի ցույց դնելով դեմոկրատական ճամբարի երկպառակտվածությունը վճռորոշ քվեարկության շեմին:

Ֆիլադելֆիայում անցնող համագումարը մեկնարկեց ներկուսակցական լուրջ ճգնաժամով. հավաքից երկու օր առաջ՝ անցած շաբաթավերջին, Wikileaks-ը հրապարակեց դեմոկրատական էլիտային պատկանող հազարավոր էլեկտրոնային նամակներ ու փաստաթղթեր, որոնք վկայում են, որ կուսակցական վերնախավը նախընտրական փուլում չեզոք չի եղել և ամեն ինչ արել է սեփական կուսակից Բերնի Սանդերսին սևացնելու, Քլինթոնի հաղթանակն ապահովելու համար: Քլինթոնի շտաբը երեկ հայտարարեց՝ տեղեկատվական արտահոսքի ետևում կանգնած են ռուսները, որոնք ցանկանում են պառակտել Դեմոկրատական կուսակցությունն ու աջակցել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, ով չի թաքցնում համակրանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Դեմոկրատների ազգային կոմիտեն անգամ ներողություն խնդրեց Սանդերսից՝ նամակներում տեղ գտած անվայելուչ խոսքերի համար: Վերջինիս աջակիցները մտադիր չեն հաշտվել իրականության հետ, շատերն էին համագումարի եկել «Մենք ուզում ենք Սանդերսին» կարգախոսով, ոմանք էլ դահլիճից բղավում էին՝ Քլինթոնին դատել է պետք:

Քլինթոնի ընդդիմախոսներին չհամոզեց անգամ Բերնի Սանդերսի ելույթը: - «Վստահ եմ՝ Քլինթոնը պետք է դառնա Ամերիկայի հաջորդ նախագահը», - հայտարարեց 4700 դեմոկրատ պատվիրակներից 1800-ի ձայները ստացած սենատորը, ինչը, սակայն, նրա աջակիցներն ընդունեցին ակնհայտ դժգոհությամբ, - «Ես ճանաչում եմ Հիլարի Քլինթոնին 25 տարի, աշխատել եմ նրա հետ Միացյալ Նահանգների Սենատում և գիտեմ նրան որպես երեխաների, կանանց, հաշմանդամների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ: Հիլարի Քլինթոնը փայլուն նախագահ կլինի, և ես հպարտ են, որ այսօր կանգնած եմ նրա կողքին»:

«Մենք պետք է միասնական լինենք՝ թույլ չտալու Թրամփի հաղթանակը»՝ սա է Քլինթոնի աջակիցների՝ այդ թվում առաջին տիկին Միշել Օբամայի հիմնական ուղերձը․ - «Ես ուզում եմ մի նախագահ, ով կուսուցանի մեր երեխաներին, որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր ոք, մի նախագահ, որն ինչպես մեր երկրի հիմնադիրները հավատում է, որ բոլորը հավասար վերաբերմունքի են արժանի, և յուրաքանչյուր ոք մեր երկրում մեր հզոր պատմության հավասար մի մասնիկն է, մեկը, ով հավատում է՝ ճգնաժամի պահին մենք իրար դեմ չենք դուրս գալիս, այլ լսում ենք միմյանց և հենվում իրար վրա, որովհետև մենք ուժեղ ենք միասին: Եվ ես այսօր այստեղ եմ, որովհետև գիտեմ՝ Քլինթոնը հենց այդպիսի նախագահ կարող է լինել»:

Վերջին սոցհարցումները փաստում են՝ դեմոկրատ Քլինթոնն ու հանրապետական Թրամփն այսօր գրեթե հավասար համակրանք ունեն ամերիկացիների շրջանում, և ըստ այդմ՝ առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկը դառնում է հարցը՝ կկարողանա՞ արդյոք Հիլարի Քլինթոնը առաջիկա ամիսներին հաղթահարել ներկուսակցական լուրջ տարաձայնություններն ու ստանալ Սանդերսի համակիրների աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG