Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փորձել է կատարել «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջներից մեկը և այցելել Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ, սակայն իրավապահները թույլ չեն տվել նախարարին մտնել գնդի տարածքը:

Ավելի վաղ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ զինյալները պահանջել են, որ Առողջապահության նախարարը վիրաբույժների խմբի հետ այցելի գնդի տարածք:

Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նախարար Արմեն Մուրադյանը «առանց փողկապի» գնացել էր բանակցելու․ - «Առաջին հերթին մտահոգված այնտեղ գտնվող վիրավորների վիճակով, որովհետև այնտեղ կան վիրավորներ, որոնց ժամանակին բուժօգնություն չցուցաբերելը կարող է շատ անցանկալի հետևանքներ ունենալ, և մտահոգ այդ պատանդ վերցված բուժաշխատողների վիճակով՝ ինքը ցանկացել էր մտնել և տեղում ծանոթանալ և ինչ-որ քայլերի դիմել, բանակցել»:

Առավոտյան ոստիկանությունը հայտարարեց, որ օգնություն ցույց տալու նպատակով ՊՊԾ գունդ այցելած բժիշկների խմբին զինյալները պատանդ են վերցրել։ Առողջապահության նախարարությունը մանրամասնեց․ գնդի տարածքում են շտապօգնության 4 աշխատակիցներ՝ բժիշկներ Նորայր Թևանյանը և Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը։ Նախարարությունը պնդում էր, որ նրանք պատանդներ են։

Նախարարության խոսնակը ասաց, որ բժիշկների հետ կապի մեջ են, նրանք այս իրավիճակում էլ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։ Հայթայանը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե արդյո՞ք այդ չորս բուժաշխատուղները համարում են, որ իրենք պատանդի կարգավիճակում են:

«ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ չկան», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։ Նրա խոսքով, բժիշկները, ովքեր ոստիկանության կողմից ներկայացվել են որպես պատանդներ, կարող են լքել տարածքը, փոխարենը «Սասնա Ծռեր» խումբը պահանջում է, որ նրանց փոխարեն այլ խումբ գա գնդի տարածք․ - «Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում: Տղաները ուզում են ընդամենը, որ այնտեղ բժշկական ներկայությունը լինի տևական և հերթափոխով»:

Ենիգոմշյանը հայտարարեց, որ զինյալները երեք օր ի վեր զրկված էին բուժօգնությունից, մինչդեռ գնդի ներսում վիրավորներ կան և նրանց օգնություն է պետք։

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ասաց, որ բժիշկները ՊՊԾ գնդի տարածք էին գնացել վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար, հետո պարզ է դարձել, որ նրանց արգելում են դուրս գալ։ Զինյալներից մեկը, ըստ Ստեփանյանի, իրենց պահանջներ է փոխանցել․ - «Ներկայացրեց, որ Առողջապահության նախարարը անձամբ վիրաբույժների հետ պետք է ներկայանա իրենց մոտ, որից հետո նոր իրենք ազատ կարձակեն շտապօգնության աշխատակիցներին: Ես, նախևառաջ, ուզում էի իրեն համոզել, որ գոնե կնոջը բաց թողնի, որովհետև բուժքույրը այդտեղ անելիք չունի, բժիշկներն էլ առանձնապես անելիք չունեն, որովհետև նախապես չեն իմացել, որ պետք է մնան և իրենք մտել են ներս առանց դեղորայքի արկղի»:

Այսօրվա ասուլիսին Ալեք Ենիգոմշյանը նաև բանակցություններից մանրամասներ պատմեց՝ պնդելով, թե այսքան ժամանակ բանակցությունների իմիտացիա է եղել, իսկ «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը հրաժարվել է փոխարինել նախորդ բանակցող, Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին։

«Այս ամեն ինչից հետո «Սասնա ծռերը» տրամադիր չեն բանակցությունների: Արդեն նախկին բանակցությունները դա ընդամենը իմիտացիա է: Ինձ տեղեկացրել են, որ պատգամավորների պահանջը չի հետապնդում բանակցությունների նպատակ: Իրենք ուղղակիորեն այդպիսի բան չեն ասել, բայց ես վստահ եմ, որ նման նպատակ չի հետապնդվում»:

Այս պահին էլ բժիշկները շարունակում են ՊՊԾ գնդի տարածքում մնալ: Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ զինյալների շուրջօրյա բուժօգնություն ունենալու պահանջի մասով այս պահին պատասխան չունեն։

XS
SM
MD
LG