Մատչելիության հղումներ

Գիշերը Խորենացի փողոցում խաղաղ էր


Հուլիսի 22-ի առավոտյան Երևանի Խորենացի փողոցում

Հուլիսի 22-ի առավոտյան Երևանի Խորենացի փողոցում

Խորենացի փողոցում գիշերը բավական հանգիստ անցավ: Հավաքված քաղաքացիների թիվը կեսգիշերից հետո ժամ առ ժամ նվազում էր, և նրանցից մոտ 10-15-ը լուսացրեցին Խորենացի փողոցում, առավոտյան էլ այստեղ 5-8 ցուցարար էր մնացել:

Կեսգիշերին մոտ ցուցարարները համոզվեցին, որ իրեն «Սասնա ծռեր» անվանող խմբավորումը սննդի կարիք կարծես թե չունի, համենայն դեպս՝ ցուցարարներից Դավիթ Սանասարյանը և Անի Նավասարդյանը փոխանցեցին զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի հայտարարությունը, որ որոշակի սնունդ իրենց փոխանցվել է, իսկ այսօր առավոտից արդեն պետք է կանոնավոր սնունդ տրամադրվի:

Ոստիկանությունը բողոքի ակցիայի ամենածանրաբեռնված պահին, կարելի է ասել, նոր մարտավարություն ուներ՝ իր ուժերը տեղակայել էր ոչ թե բեռնատարների դիմաց, այլ դրանց հետևի հատվածում, հավանաբար՝ քաղաքացիների հետ շփումը սահմանափակելու և հնարավոր բախումները կանխելու նպատակով:

Այս հատվածում ամբողջ գիշեր հերթապահություն իրականացրած ոստիկանները առավոտյան ժամը 8-ի սահմաններում լքեցին տարածքը, և այժմ 5-10 ոստիկաններ են այստեղ հերթապահում:

Առավոտյան նաև սանմաքրման աշխատակիցները ամբողջությամբ մաքրելուց հետո նաև ջրցան մեքենայով լվացին փողոցը:

Թե ինչ է կատարվում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում, որն արդեն հինգ օր է գտնվում է զինված խմբավորման վերահսկողության տակ, առայժմ նոր հաղորդագրություն չկա, երեկ էլ ամբողջ օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես չեկավ: Վերջին հաղորդագրության համաձայն, զինված խմբի հետ տարվում են բանակցություններ՝ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

XS
SM
MD
LG