Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Մինչ այժմ ազատվել է հինգ պատանդ, բանակցությունները շարունակվում են


Ոստիկանները Խորենացու փողոցում, Երևան, 19-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանները Խորենացու փողոցում, Երևան, 19-ը հուլիսի, 2016թ․

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտարարում է, որ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ»:

«Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ», - ասված է հայտարարությունում:

ԱԱԾ-ն «մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն»:

«ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան», - իր հայտարարությունը եզրափակում է ԱԱԾ-ն:

XS
SM
MD
LG