Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարը «զգուշացնում է երկրի այսօրվա «կառավարիչներին»


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը «Ազատության» եթերում, արխիվ
«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը «Ազատության» եթերում, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը ողջախոհության են կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց:

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուգասզյանը գիշերը Ֆեյսբուքում կատարած գրառմամբ հայտարարել է․ - «Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և Պայքարը չի դադարելու»:

Նշելով, որ «պատիվ ունի ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռեր» ջոկատի բոլոր ապստամբ տղաների», ինչի համար «ճակատագրից շնորհակալ է», Չուգասզյանը պնդում է, որ գրոհի դեպքում «իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կփակվի և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին…»:

Հիշեցնենք, իրեն «Սասնա Ծռեր» ջոկատ անվանող զինված խումբը նախօրեին վաղ առավոտյան գրավել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, բախումների ժամանակ ոստիկանության գնդապետ է սպանվել, երեք այլ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ևս մի քանի ոստիկան պատանդառված է: Իրավապահները հայտարարում են, որ առայժմ բանակցում են զինված խմբի հետ, ինչպես երեկ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը վստահեցրեց՝ «այս ողջ գործընթացը» բանակցություններով ավարտելու հույսով, իսկ եթե հանձնվելու՝ իրենց հորդորներին զինված խմբի անդամները չանսան, ապա իրավապահներն ի վիճակի են վնասազերծելու նրանց:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, ժամեր առաջ տարածած հաղորդագրությունում ընդգծելով, որ «ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում», ողջախոհության են կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Զինված խմբի պահանջներն են՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG