Մատչելիության հղումներ

Stratfor. «Ադրբեջանը հազիվ թե հանդուրժի անարդյունք բանակցությունների ևս մեկ փուլ»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մատույցներում, 7-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը Մարտունի քաղաքի մատույցներում, 7-ը ապրիլի, 2016թ․

Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակվում են ողջ թափով, արձանագրում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները` մատնանշելով այն լավատեսական հայտարարությունները, որ այս շաբաթ Բաքվում հնչեցրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

«Դա իհարկե լավ նախանշան է, սակայն մանրամասների և գործողությունների բացակայության պայմաններում խնդրի երկարաժամկետ լուծման հեռանկարների հանդեպ թերահավատությունն արդարացված է», - նշում են ամերիկացի փորձագետները Stratfor-ի կայքում զետեղված հոդվածում` մեկ անգամ ևս ընդգծելով, որ տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները ակտիվացան ապրիլյան պատերազմից հետո:

«Ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո ռազմի դաշտում իրադրությունը բավական հանգիստ է: Դիվանագիտական ասպարեզում, սակայն, ակտիվ զարգացումներ են: Ճիշտ է, Ադրբեջանը, որ բավարարված չէր 1994 թվականին կնքված հրադադարի պայմաններից, չկարողացավ [ապրիլին] լուրջ տարածքային ձեռքբերումների հասնել, բայց և այնպես նրան հաջողվեց Հայաստանին հանկարծակիի բերել և նոր լիցք հաղորդել բանակցություններին», - նշում են փորձագետները` նկատելով, որ բանակցային գործընթացի ամենատեսանելի արդյունքը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ամենամսյա հանդիպումներն են:

«Միջազգային միջնորդներից ամենակարևորն ու ազդեցիկը Ռուսաստանն է: Դրա պատճառը ոչ միայն Հայաստանում 5 հազարանոց ռուսական ռազմակայանի առկայությունն է, այլև այն իրողությունը, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական պետությունը», - ընդգծում են Stratfor-ի մասնագետները` մատնանշելով հատկապես պետերբուրգյան հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, թե «երեք նախագահները փոխըմբռնման են հասել»:

«Այսօր, սակայն, հստակ չէ, թե ինչ է նշանակում այդ փոխըմբռնումը և թե որքանով է այն մոտ հարցի վերջնական լուծմանը», - նշված է ամերիկյան վերլուծական կենտրոնի հրապարակման մեջ:

«Տեղական մամուլի հրապարակումներից և ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններից դատելով` կարգավորման ծրագիրը նախատեսում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանների փուլ առ փուլ վերադարձը [Ադրբեջանին]` ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ: Այս ծրագրի իրագործման ճանապարհին, սակայն, մեկ շատ լուրջ խնդիր է առկա` Հայաստանը կարող է ընդդիմանալ տարածքային զիջումների հեռնակարին` ցանկանալով պահպանել իր փաստացի քաղաքական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ», - նշում են Stratfor-ի փորձագետները:

«Բացի այդ, գլխավոր արբիտրի դերը ստանձնած Ռուսաստանը կարող է իրապես շահագրգռված չլինել հարցի կարգավորմամբ: Իհարկե, խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայելով՝ Մոսկվան կարող է տարածաշրջանում շատ ավելի մեծ ռազմական ներկայություն ապահովել: Մյուս կողմից, սակայն, դա կարող է ռուսական զորքերին շատ ավելի խոցելի դարձնել հակամարտության մեջ ուղղակի ներգրավվման առումով` այն էլ մի տարածաշրջանում, որտեղ մինչ այժմ Մոսկվան գերադասել է զերծ մնալ զորքերի տեղակայումից: Նման պայմաններում Մոսկվայի համար ամենաօպտիմալ տարբերակը կարող է դառնալ ակտիվ դիվանագիտական դերակատարության ստանձնումն առանց [կողմերի միջև] էական համաձայնության ձեռքբերման», - գրում են Stratfor-ի մասնագետները:

«Հարկ է նկատել, սակայն, որ երկարաժամկետ կտրվածքով այնքան էլ ճիշտ չէ շարունակել բանակցությունները, որոնք չեն հանգեցնում ստատուս քվոյի էական փոփոխության: Ի վերջո, հենց բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը հանգեցրեց ապրիլյան բախումներին, և քիչ հավանական է, որ Ադրբեջանը անորոշ ժամանակով ձգձգվող բանակցությունների ևս մեկ փուլ հանդուրժի », - նշում են Stratfor-ի վերլուծաբանները՝ հավելելով․ - «Եթե դիվանագիտությունը չկարողանա որևէ շոշափելի արդյունք ապահովել, չի բացառվում, որ Ադրբեջանը դիմի նույնատիպ կամ ավելի լուրջ ռազմական գործողության: Այս հանգամանքով են թերևս բացատրվում Ռուսաստանից հնչող դրական հայտարարություններն ու ապագա հաջողությունների մասին ակնարկները: Բայց, ի վերջո, ղարաբաղյան խնդրի լուծումը առավելապես գործողություններ է պահանջում, այլ ոչ թե խոսքեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG