Մատչելիության հղումներ

Ձախողվել է ապրիլյան բախումներից հետո հակառակորդի առաջին դիվերսիոն ներթափանցման փորձը


ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

Անցած գիշեր, ժամը 3.20-ի սահմաններում ադրբեջանական կողմը Աղդամի ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:

ԼՂ Պաշտպանության բանակից հրաժարվեցին մանրամասնել, թե քանի հոգուց է բաղկացած եղել դիվերսիոն խումբը, և արդյոք հակառակորդը կորուստներ կրել է: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ, բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Նկատենք, ապրիլյան արյունալի ռազմական գործողություններից հետո սա առաջին դիվերսիոն ներթափանցման փորձն է:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո էլ չի փոխել իր մոտեցումները, անգամ վերջին շրջանում ակտիվացող բանակցային գործընթացը երաշխիք չէ, որ Բաքուն հետ կկանգնի ռազմական գործողություններից․ - «Ադրբեջանի պես հարևան ունեցող երկիրը լավ է հասկանում, թե բանակցությունների հետ մեկտեղ նաև միշտ պետք է լինենք զգոն: Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականությունը մեծամասամբ կախված է մեկ հանգամանքից՝ թե ինչքանով են մեր զինված ուժերը, մեր ժողովուրդը պատրաստ պաշտպանել իր հայրենիքը և հակառակարդին հասցնել այնպիսի վնաս, որ նա գոնե ժամանակավորապես այլևս չդիմի նման ագրեսիվ քայլերի»:

Անցած գիշեր կատարված շուրջ «Ազատություն»-ը զրուցել է 1990 - 1992 թվականներին Արցախի ազատագրական բանակի հրամանատար, Ղարաբաղի ինքնապաշտպանության խորհրդի անդամ Արկադի Կարապետյանի հետ: Նրա կարծիքով, հնարավոր ռազմական լայնածավալ գործողություններից առաջ Ադրբեջանը փորձարկում է հայկական կողմի պաշտպանական համակարգը:

Արցախի ազատագրական բանակի հրամանատար, ԼՂ Ինքնապաշտպանության խորհրդի անդամ Արկադի Կարապետյանը:

Արցախի ազատագրական բանակի հրամանատար, ԼՂ Ինքնապաշտպանության խորհրդի անդամ Արկադի Կարապետյանը:

Կարապետյանն, ով 1993-96 թվականներին ծառայել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունում, պնդեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք կարծում եք, որ առաջիկայում էլի մեծ է հավանականությունը, որ լայնածավալ ռազմական գործողություններ կամ պատերա՞զմ սկսվի:

Կարապետյան․ - Այո: Եթե որևէ մեկին թվում է, թե պատերազմն ավարտվել է, ինքը ադեկվատ մարդ չի:

«Ազատություն»․ - Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը պատրա՞ստ են դիմագրավելու Ձեր նշած ռազմական նոր գործողություններին:

Կարապետյան․ - Էդ արդեն՝ վոպրոս նե կո մնե․․․ Էդ Յուրի Խաչատուրովին հարցրեք, Սեյրան Օհանյանին հարցրեք: Իրանք, ինչ-որ բան լինի, հաղթեն՝ փառքը իրենք, չհաղթեն՝ պետք է պատասխան տան:

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացող բանակցային գործընթացին և փոխզիջումների արդյունքում տարածքների հնարավոր վերադարձին՝ Արկադի Կարապետյանն ընդգծեց, որ Ղարաբաղում որևէ մեկը թույլ չի տալու հող զիջել․ - «Ով որ խոսում ա, էդ իրա պրոբլեմներն ա: Ես զիջումների մասին չեմ էլ մտածում, չեմ էլ թողելու որևէ մեկը զիջում կատարի․․․

«Ազատություն»․ - Ինչպե՞ս չեք թողնելու, եթե իշխանությունը որոշում կայացնի:

Կարապետյան․ - Իշխանությունը տվյալ դեպքում դառնում եմ ես արդեն, և իմ ընկերները, ոչ թե որևէ մեկը․․․ Ձայն բազմաց՝ ձայն Աստծո: Այն բաները, որ վերաբերում ա բազմությանը, ժողովրդին, այդտեղ ոչ մեկ չի կարող հարց լուծի՝ եթե բազմությունը չուզենա:

«Ազատություն»․ - Կարծում եք, Լեռնային Ղարաբաղում լուրջ դիմադրությո՞ւն կլինի, եթե տարածքների վերադարձման հարց առաջ գա:

Կարապետյան․ - Ուրիշ բան չի էլ լինելու:

«Ազատություն»․ - Եվ դիմադրողները մեծամասնությո՞ւն կլինեն:

Կարապետյան․ - Այո: Փոքրամասնություն չի լինելու: Ստեղ ուրիշ ձև մտածող չկա:

XS
SM
MD
LG