Մատչելիության հղումներ

Դալասում ցույցի ժամանակ հինգ ոստիկան է սպանվել, վեցը՝ վիրավորվել


ԱՄՆ - Ոստիկանները Դալասի Մեյն փողոցում՝ կրակոցներից հետո, 7-ը հուլիսի, 2016թ․
ԱՄՆ - Ոստիկանները Դալասի Մեյն փողոցում՝ կրակոցներից հետո, 7-ը հուլիսի, 2016թ․

ԱՄՆ Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում խաղաղ ցույցի ընթացքում նշանառու կրակ է բացվել ոստիկանների վրա: Դիպուկահար կրակոցներից հինգ ոստիկան է սպանվել, վեցը վիրավորվել են:

Ըստ ոստիկանության՝ կրակել են առնվազն երկու դարանակալ դիպուկահարներ: Ոստիկանությունը միջադեպը բնորոշում է որպես մանրամասնորեն պլանավորված դարանակալ հարձակում: Երեք կասկածյալ է ձերբակալվել, որոնցից մեկը կին է: Ըստ Դալասի տեղական մամուլի՝ չորրորդ կասկածյալը ոստիկանների հետ փոխհրաձգության մեջ է մտել, ապա կրակելով իր վրա՝ մահացել է:

Դալասի քաղաքապետ Մայք Ռոուլինգսը բնակիչներին խորհուրդ է տվել այսօր առավոտյան փողոցներ դուրս չգալ, քանի որ ոստիկանությունը ստուգում է տարածքը, տրանսպորտի աշխատանքը դադարեցված է, քաղաքի վրա ոստիկանական ուղղաթիռներ են: Ֆեդերալ իշխանությունները կարգադրել են դադարեցնել կոմերցիոն ավիաչվերթները Դալասի ուղղությամբ:

Մոտավորապես մեկևկես ժամ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է Վարշավայում, հեռուստաելույթ է ունեցել՝ ասելով, որ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունը արատավոր, հաշվարկված և ստոր գործողություն է, որը որևէ արդարացում չունի: Նա խոսել է Դալասի քաղաքապետի հետ ու Ամերիկայի ամբողջ ժողովրդի անունից խորը ցավակցություն է հայտնել: Օբաման ասել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն աջակցում է Դալասի ոստիկաններին միջադեպը հետաքննելու գործում:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ժամը 20:45-ի սահմաններում:

Երեկ Դալասում, ինչպես նաև ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում կազմակերպված ակցիաներում ցուցարարները իրենց բողոքն էին արտահայտում վերջերս ոստիկանների կողմից երկու սևամորթների սպանության կապակցությամբ: Էլթոն Սթերլինգը ոստիկանների կողմից հուլիսի 5-ի սպանվել է Լուիզիանա նահանգում, իսկ Ֆիլանդո Քասթայլը՝ հաջորդ օրը Մինեսոթա նահանգում:

Դալասի քաղաքապետը Փարքլանդի հիվանդանոցում այցելել է վիրավորներին․ սա նույն հիվանդանոցն է, ուր 1963 թվականին մահափորձից անմիջապես հետո տեղափոխվել էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG