Մատչելիության հղումներ

Պանամական փաստաթղթեր․ Le Monde-ը փորձել է պարզել, թե ինչ տեղի ունեցավ դրանց հերոսների հետ


Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքից, որի հետևանքով բացահայտվել են օֆշորային ընկերությունների վերաբերյալ ավելի քան 11․5 միլիոն փաստաթղթեր, ավելի քան երեք ամիս է անցել:

Այդ փաստաթղթերում, հիշեցնենք, արծարծվում են 12 երկրի ղեկավարների՝ այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների, Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիի, մոտ երեք տասնյակ միլիարդատերերի, բեմական աստղերի, մարզիկների, գիտնականների անուններ: Հայաստանից, ինչպես հայտնի է, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Համաշխարհային ուշադրության կենտրոնում հայտնված այս պատմությունից ամիսներ անց միջազգային լրատվամիջոցները փորձել են ամփոփել՝ արդյոք օշֆորային անհայտ աշխարհի և «հարկային դրախտի» վրա լույս սփռած այդ փաստաթղթերը ծառայեցի՞ն իրենց նպատակին:

Երբ հայաստանցի մեծահարուստ պաշտոնյայի անհայտ ծագման ունեցվածքի մասին փաստացի ապացույցներ հրապարակվեցին, Պողոսյանը ութ տարի պաշտոնավորումից հետո հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Մեկ ամիս անց հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով` «ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը», այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ: Ազատության մեջ գտնվող Պողոսյանը հարցաքննվեց, սակայն առայսօր քրեական այդ գործի շուրջ նոր զարգացումներ չկան:

Ի՞նչ տեղի ունեցավ մյուս հայտնի անձերի հետ, ովքեր նույնպես թաքցրել են իրենց ունեցվածքը օֆշորներում: Ֆրանսիական Le Monde-ը թվարկում է.

Իսլանդիայի վարչապետը, ում անունը ևս շրջանառվում էր պանամական փաստաթղթերում, ժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ:

Բրիտանական կառավարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը, ով ավելի վաղ խոստովանել էր, որ հոր հետ բաժնետոմսեր ունեն օֆշորային ընկերություններում, հայտարարեց իր առաջիկա հրաժարականի մասին, բայց ոչ թե այդ պատճառով, այլ Brexit-ի հանրաքվեից հետո:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին դատարանի առջև կկանգնի:

Տարիներ շարունակ տնտեսական ճգնաժամը չհաղթահարող Իսպանիայի ամենաառանցքային գերատեսչություններից մեկի ղեկավարը՝ արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիան նույնպես ստիպված եղավ հրաժարական տալ՝ այդպիսով ընդունելով, որ միլիոնավոր դոլարների հարկերից է խուսափել:

Մյուս կողմից, սակայն, հետխորհրդային մի շարք երկրներում փաստաթղթերն ինչպես հրապարակվեցին, այնպես էլ անհետացան: Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջան՝ այս երկրներում որևէ մեկը գրեթե չանհանգստացավ: Ինչպես, օրինակ, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ով, նկատում է Le Monde-ը, օֆշորային ընկերություն էր ստեղծել հենց այն պահին, երբ ուկրաինական զինուժը լուրջ հարձակման էր ենթարկվում Դոնբասում:

Բացահայտումները որևէ ազդեցություն չունեցան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի վրա, որոնք առաջին անգամ չէ, որ հայտնվում են կոռուպցիոն սկանդալի կիզակետում:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարվել էր կարճ մեկնաբանությամբ՝ պարզապես «ստվեր են գցում». - «Այն մարդիկ, ովքեր փորձել են Ռուսաստանը ներքաշել պանամական սկանդալի մեջ, վրիպել են»:

Ֆրանսիական պարբերականը անդրադառնում է նաև միջազգային արձագանքին:

Պանամական փաստաթղթերը ի վերջո համոզեցին աշխարհի քսան ամենահարուստ երկրներին՝ վերականգնել հարկային օազիսների համաշխարհային «սև ցուցակը», որը չեղարկվել էր 2011 թվականին:

Ինչ վերաբերում է Mossack Fonseca իրավաբանական ընկերությանը, որը տարիներ շարունակ հմտորեն ձևակերպել է միլիարդավոր դոլարների հարկերը թաքցնելու գործընթաց, այն այլևս չի գործում. դադարեցվել է ընկերության առնվազն վեց գրասենյակների գործունեությունը աշխարհով մեկ, որտեղ իրականացվում են ոստիկանական հետաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG