Մատչելիության հղումներ

Թաթուլ Մանուկյանը կալանավորվեց


Ազատամարտիկ Պավել Մանուկյանը, արխիվ:

Ազատամարտիկ Պավել Մանուկյանը, արխիվ:

Այսօր դատարանը երկու ամսով կալանավորեց անցած շաբաթ օրը 500 փամփուշտ տանը պահելու համար ձերբակալված «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբորը՝ Թաթուլ Մանուկյանին։

Մանուկյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Թաթուլ Մանուկյանին ձերբակալել էին Ժիրայր Սեֆիլյանի գործի շրջանակներում, բայց հետո նախաքննական մարմինը այս գործն առանձնացրել է Սեֆիլյանի քրեական գործից։

Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք և ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և փոխադրելու մեջ։

«Նոր Հայաստան» շարժման անդամները, սակայն, շարունակում են հայտարարել, որ իրենց աջակցի եղբորը ճաղերի հետևում պահելը մեկ նպատակ ունի՝ ճնշում գործադրել շարժման վրա և ահաբեկել Պավել Մանուկյանին։

«Որպես պատանդ փորձել են իմ դեմ օգտագործել: Բայց դա չի օգնելու, ընդհակառակը՝ ավելի է զայրացնելու: Ինքը չզբաղվեց քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը զբաղվեց իրենով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկը:

«Նոր Հայաստան» շարժման անդամները հայտարարում են, որ չնայած համակիրների տներում իրականացված խուզարկություններին և Թաթուլ Մանուկյանի կալանավորմանը, իրենք շարունակելու են Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած կամավորների հավաքագրումը՝ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ կորսված հողատարածքները հետ վերադարձնելու համար։

Ըստ «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի, արդեն 1000 քաղաքացի է միացել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման հրամանատար Սեֆիլյանի կոչին: Նա կրկին շեշտեց Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնության՝ բանակի հետ միասին Ադրբեջանի դեմ պայքարելու անհրաժեշտությունը․ - «Վարժանքներ են անցկացնելու: Գրաֆիկներ կան արդեն կազմված, առանձին խմբերով մարդիկ պատրաստվելու են: Ինչ որ մենք անում ենք, պետք է անենք բանակի հետ միասին, հենվելով բանակի վրա, ուժեղացնելով բանակը, բնականաբար, օգտվելով բանակի սպառազինությունից, ռազմամթերքից, նյութատեխնիկական միջոցներից և այլն, և այլն, և այլն: Մենք նախաձեռնել ենք կամավորաբար այդ գործը անելու՝ տեսնելով, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրանով չի զբաղվում»:

Կամավորական ջոկատներ ձևավորելու մասին հայտարարությունից, ինչպես նաև ապրիլյան ռազմական գործողությունների խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակիցները ասացին, որ ամիսներ առաջ այս հարցի շուրջ փորձել են զրուցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, հետ։

Ազատամարտիկ Պավել Մանուկյանն անձամբ է դիմել նախարարին, ով, սակայն, մերժել է նրանց առաջարկը․ - «Պատճառաբանությունը հետևյալն էր՝ ծանրաբեռնված եմ, զբաղված եմ: Ասինք՝ լավ, էսօր չի լինի, վաղը: Երբ հարմար կլինի: Պատկերացրեք՝ մինչև էսօր ծանրաբեռնված և շատ զբաղված է»:

«Մամուլով պատասխանեց, որ դա ինքնագործունեություն է, և կեղծ մեկնաբանություն տվեց նախաձեռնող խմբի հայտարարությանը, որ նրանք ուզում են բանակից դուրս, զուգահեռ նոր ուժեր ստեղծել», - հավելեց Վարուժան Ավետիսյանը։

«Ազատության» հարցին, թե ինչպես են պատրաստվում համագործակցել Հայաստանի զինված ուժերի հետ այս պարագայում, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամիսներ առաջ մերժել է նրանց առաջարկը, Ավետիսյանը պատասխանեց․ - «Ես ուզում եմ հիշեցնել ինքնապաշտպանության իրավունքի և ապստամբության իրավունքի մասին: Եթե առաջիկայում հասնի այնպիսի վիճակի, իրավիճակը այնքան սրվի հակառակորդի սպառնալիքի առումով, որ արդեն լինել-չլինելու խնդիրը լրիվ առարկայական դառնա, ապա առաջանում է հանուն ինքնապաշտպանության իրավունքի ապահովման ապստամբության իրավունքից օգտվելու հրամայական»:

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանն ավելի հեռուն գնաց՝ Ադրբեջանին հող հանձնելու դեպքում խոստանալով զինված ապստամբություն․ - «Երբ որ դա կփորձեն իրականություն դարձնել, այն ժամանակ դուք կունենաք զինված ապստամբություն»:

«Եվ դրան կմասնակցի նաև բանակը», - հավելեց Վարուժան Ավետիսյանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ բանակի զինծառայողներին նման կոչեր ուղղելը առնվազն բարոյապես անթույլատրելի է, և որ «բանակին կոչեր անելու փոխարեն զինվորագրվում են զինված ուժերին»։

XS
SM
MD
LG