Մատչելիության հղումներ

Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան


Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձևավորված ակնկալիքները»՝ Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է․ - «Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք»:

«Ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժ. Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նշելով, որ քրեական գործի շրջանակում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր, Քննչական կոմիտեն շարունակում է․ - «Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, Ժ. Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ»։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն, «ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաև արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ», նշված է հաղորդագրությունում:

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, ձերբակալվել է հունիսի 20-ին:

XS
SM
MD
LG