Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կեցավայր


Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին, հաջողություններ մաղթել հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում:

Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի անկախացումից ի վեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում և ընդգծել, թե լիահույս է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին այցելության և շնորհավորանքի համար:

Նա նշել է, որ անցած քսանհինգ տարիներին ուշադրությամբ հետևել է Հայաստանի զարգացումներին և համակարծիք է նախագահ Սարգսյանի հետ՝ այդ ժամանակաշրջանում Հայաստանի արձանագրած ձեռքբերումների հարցում:

ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները, իրավամբ, կարող են հպարտանալ անցած քառորդ դարի ընթացքում թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական ոլորտներում Հայաստանում արձանագրված առաջընթացով, և ուրախ է, որ այդ ամենում ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել ԱՄՆ կառավարությունն ու ժողովուրդը:

Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG